
Եվրոպական ներդրումային բանկը վարկ կտրամադրի Երևանում 6 պոլիկլինիկայի և 32 մանկապարտեզի վերակառուցման համար
Երևանի ավագանին հաստատեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 29-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետություն փուլ 2» ծրագրի իրականացման համաձայնագիրը։
Հարցը զեկուցեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ, որն իրականացվելու է «Ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան» ուղենիշի ներքո:
Ըստ Երևանի փոխքաղաքապետի՝ ծրագիրը միտված է աջակցել Երևան համայնքի կողմից ընտրված համայնքային շինությունների էներգաարդյունավետության կայուն բարելավմանը, սեյսմիկ ամրացմանը և վերակառուցմանը: Եվրոպական ներդրումային բանկի կողմից գնահատված ծրագրի ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է։ Հայաստանը մտադիր է ֆինանսավորել ծրագիրը հետևյալ աղբյուրներից`
- Երևանի քաղաքապետարան՝ 2 մլն եվրո,
- Բանկի կողմից տրամադրվող վարկ՝ 25 մլն եվրո,
- «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո:
Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ վարկի ժամկետը 22 տարի է, առաջիկա 5 տարին մայր գումարի մարում չի իրականացվելու։
«Հիմնվելով Երևան քաղաքի առաջնահերթությունների և նախնական ուսումնասիրության վրա, Երևանի քաղաքապետարանը ընտրել է համապատասխան հանրային շինություններ՝ 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ։ Նախապես ընտված 38 հանրային շինությունում նախատեսվում է իրականացնել սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացումը և շինությունների շահագործման հանձնումը պետք է լինի վարկային համաձայնագրի ստորագրումից հետո 4 տարվա ընթացքում»,- հայտնեց Լևոն Հովհաննիսյանը։
Ըստ փոխքաղաքապետի՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ արդեն իսկ հաջող իրականացվել է առաջին ծրագիրը, որի շրջանակում 15 մանկապարտեզի սեյսմիկ ամրացում և վերակառուցում է իրականացվել։
Լուսանկարն՝ արխիվային
Մեկնաբանել