
Երևանն ու Բաքուն կշարունակեն բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ տարաձայնություններ կան․ ՀՀ ԱԳՆ
2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:
Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բանակցությունների մեկնարկին հանդես էր եկել ելույթով՝ ընդգծելով, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։
«Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները»,- ասել էր Միրզոյանը։
Մեկնաբանել