
Եթե Կառավարությունը չարձագանքի, հանրահավաքի մասնակիցները կանցնեն խաղաղ անհնազանդության գործողությունների
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի հանրապետության հրապարակում ելույթի ժամանակ ասաց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և դրա համար նրան մինչև ժամը 20։00-ն ժամանակ տվեց։
Չստանալով Կառավարության և Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց անելիքները։
«Իրար պիտի վստահենք, ժողովո՛ւրդ ջան, իրար հետ պիտի գործենք։ Այս երկու-երեք օրը տառապանքի ճանապարհը պիտի անցնենք։ Քանի որ չի արձագանքել, արհամարհել ա ձեզ, այս պահանջը ողջ ժողովրդի պահանջն ա, ուրեմն կստիպենք իրեն դա անել։
Առաջին քայլը, որ անելու ենք, բնականաբար, լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ 3 խմբակցությունների հետ այդ գործընթացը կազմակերպելը։ Այդ մասին կխորհրդակցենք պատգամավորների հետ այստեղ գտնվող»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ եթե Կառավարության կողմից արձագանք չլինի, կանցնեն խաղաղ անհնազանդության գործողությունների։
Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներից իրավունք խնդրեց բանակցություններ վարելու իրենց անունից՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։
Սրբազանը հայտարարեց, որ այսօր մնալու է Հանրապետության հրապարակում։
Մեկնաբանել