
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել. ՔԿ
«2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարող ա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ»,- հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ հաղորդագրության՝ դեպքի առթիվ 2024թ. մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել նշված տեսագրությունը: Քննությամբ պարզվել է, որ նշված խոսակցությունը և դրա վերաբերյալ «TikTok» հավելվածում գրանցված օգտատիրոջ էջում առկա տեսագրությունը հրապարակվել է մայիսի 6-ին:
Տվյալներ են ստացվել` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։
Նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է։
Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել