
Մութ պատմություններ՝ դեղին ուսապարկերի հետևում
Արուսյակ Կապուկչյան
«Երբ պետք լինի, ասեք, Ձեզ ինքնարժեքով հնդիկ կտամ»․ սա զրուցակցի նկատմամբ իբրև լավ վերաբերմունք ցույց տվող նոր արտահայտություն է, որը հիմնականում օգտագործում են «օրավարձով հնդիկ աշխատող տրամադրողները»։ List.am կայքում նման հայտարարությունները բազմաթիվ են:
Մենք խոսել ենք այս հայտարարությունները տեղադրողների հետ։ Զրույցների ընթացքում ներկայացել ենք որպես խմորեղենի վաճառքով զբաղվող ընկերության մենեջեր, որը հնդիկ առաքիչ է փնտրում։
Այսպիսով՝ եթե որոշեք անցնել այս ճանապարհով, պետք է իմանաք, որ.
1. Հայտարարություններին կցված հեռախոսահամարներին զանգահարելիս մեծ հավանականությամբ հայտարարությունը տեղադրողի հետ չեք զրուցելու։ Մեր կատարած բոլոր զանգերն ավարտվել են «զանգեք X համարով» կամ «Y անունով մարդը հիմա Ձեզ կզանգի» արտահայտությամբ։ Միջնորդներից մեկն ավելի անկեղծ գտնվեց․ «Դուք կարող եք 30 տարբեր համարներով զանգել, բայց զանգը գա ինձ, նույն համարիս։ Հայտարարություն գցողներն էլ տեղյակ չեն, որ տենց բան կա։ Բաշարել եմ, կարացել եմ, արել եմ»։
-Դուք List-ով կարաք մի 30 տարբեր համարներով զանգեք, բայց զանգը գա ինձ ու նույն համարիս։ Գցողներն էլ տեղյակ չեն, որ տենց բան կա։ Դե ամեն մարդ չի կարա անի, ես բաշարել եմ, կարացել եմ, հիմա արել եմ։ Բայց դաժե եթե ուրիշ մարդու ընկնեք (պահի տակ աչքիցս համար վրիպած լինի), ձեզ ասի՝ գիտեք ինչ, ես վստահ եմ՝ ինքը լավ աշխատող ա, ինքը սենց, ինքը նենց․․․ Ձեզ վստահեցնում եմ, որ մի օր Ձեզ քաշելու ա։ Զուտ էդ խի եմ ասում, որովհետև լավ եմ ճանաչում հնդիկներին։
2. Հայտարարությունները տեղադրողները շատ դեպքերում աշխատանք են առաջարկում այն հնդիկներին, որոնք Հայաստանում աշխատելու իրավունք չունեն, այլ կերպ ասած՝ նրանք Հայաստանում գտնվում են բոլորովին այլ հիմքերով, օրինակ՝ որպես զբոսաշրջիկ: Աշխատանքային իրավունք չունեցող, բայց փաստացի աշխատող և գումար վաստակող այդ հնդիկները ոչ միայն խախտում են ՀՀ օրենսդրությունը, այլև նման իրավունք չունենալու պայմաններում աշխատանքային պայմանագիր չեն կնքում ո՛չ գործատուների, ո՛չ «գործի տեղավորող» միջնորդների հետ (մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքային իրավունք ստացած հնդիկները, որպես կանոն, աշխատանքային պայմանագիր են կնքում հենց միջնորդների հետ, որոնք, փաստորեն, դառնում են նաև նրանց գործատուն, չնայած գործ պատվիրողները այլ անձինք են)։
-Պետք ա գրանցվե՞ն իրանք։ Ուղղակի 80 տոկոս հնդիկները ստեղ մենակ պասպորտ ունեն, ո՛չ կացության թուղթ ունեն, ո՛չ գրանցման իրավունք ունեն, հիմնականում ունեն մի հատ պասպորտ ու վսյո։ Անկեղծ ես իրանց պահով չեմ կարա Ձեզ գարանտյա տամ, ոչ էլ հիմա կասեմ՝ գիտեք ինչ, իրանք որ ձեր թանկանոց ապրանքը տանեն, ես դրա պատասխանատու եմ։ Իհարկե՛ ոչ։ Ո՞ւմ վրա պատասխանատվություն վերցնեմ։ Մի մարդու, ում ընդամենը անո՞ւնը գիտեմ, հա՞։ Շատ ա եղել՝ ես իրանց հետ պայմանավորվել եմ՝ իրանք գնան գործի, ու հաճախորդը զանգում ա, ասում ա՝ ես տվյալ տեղում եմ, իրանք չկան։ Զանգում եմ՝ չեն վերցնում։ Ստիպված ուրիշ մարդ եմ բան անում, հաճախորդին նենց եմ անում, որ չնեղվի, թեկուզ մի քիչ գնային իջեցում, թեկուզ ինձ օգուտ չլինի, ուղղակի զուտ իմ հաճախորդին չկորցնելու համար։ Ձեզ անկեղծ մի բան ասեմ, եթե եղավ մի հատ թանկանոց իր, որ ինքը պիտի առաքի, էդ իրի արժեքը եղավ 100 կամ 200 հազար դրամ, ինքը վերցնելու ա, գնա։ Եթե հասկացավ, որ թանկանոց իր ա տեղափոխում, գնալու ա, ու դուք իրան չեք կարա գտնեք։
-Բա դուք կարա՞ք գտնեք։
-Դե՜ արդեն պետք ա շատ տանջվեմ, որ իրեն կարանամ գտնեմ։ Բայց կգտնեմ, չի կարա պլստա, չերեզ հնդիկներով իրան կգտնեմ։
3. Հնդիկ աշխատողները վաստակած գումարի մի մասը հանձնում են միջնորդներին, որոնք, սակայն, իրենց ստացած այդ եկամտից հարկ չեն վճարում պետությանը։ Նրանք ասում են՝ հնդիկները չունեն աշխատանքային իրավունք տվող այն փաստաթուղթը, որի հիման վրա այս գործունեությունը կարող է օրինական դաշտ բերվել։ «Եթե աշխատելու իրավունք չունեն, պետք է չաշխատեն» տարբերակը միջնորդները չեն էլ դիտակում։ Նրանց հետ մեր զրույցների ընթացքում պարզել ենք, որ հնդիկ աշխատուժի «ինքնարժեքը» օրական 6000 դրամ է, ավելի թեթև գործերի դեպքում գնիջեցումը չի բացառվում։ Ի դեպ, այս հարցում միջնորդներն օրինապահ են․ աշխատանքային օրը 8-ժամյա է, ինչպես պահանջում է Աշխատանքային օրենսգիրքը։
-Ստեղ հարցը գրանցման խնդիրը չի, ես կարամ էդ ամեն ինչը կազմակերպեմ, բայց իրանք չունեն էդ դակումենտը, որ ես իրանց գրանցեմ։ Ես հիմա ունեմ իմ ՍՊԸ-ն բացած, ես իմ հարկը իմ պետությանը վճարում եմ, ֆիքսված ես իմ պետությանը վճարում եմ, իրանց բացատրել եմ, ասել եմ՝ սենց ա, ես չեմ կարում գրանցեմ, բայց ես չեմ խուսափում հարկը վճարելուց, ես իմ մինիմալը վճարում եմ, ոչ մի խնդիր չունեմ պետության հետ։ Ու իրանք ինձ լավ հասկացել են՝ ինչ ա կատարվում, որովհետև իրոք չունեն հնդիկները դակումենտ... Շուկան գրոհել եմ, դե պատկերացրեք ներկա պահին մոտ 30 հոգի գործի են։
Պետությունը մերժում է, աշխատաշուկան՝ գրկաբաց ընդունում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան է եկել Հնդկաստանի 12.646 քաղաքացի։ Նույն ժամանակահատվածում աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու 673 դիմում է ներկայացվել։ Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ եզրակացության հիման վրա այդ կարգավիճակը տրվել է դիմածների 28.8 և եկածների 1.5 տոկոսին՝ 194 քաղաքացու։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հնդկաստանից Հայաստան է ժամանել կրկնակի քիչ՝ 6.853 մարդ։ Աշխատելու թույլտվություն ստանալու համար դիմածների թիվը գրեթե եռակի պակաս է՝ այս տարվա 673-ի փոխարեն 246 դիմում։ Սակայն գրեթե նույնն է հաստատված դիմումների թիվը՝ 196։
Ստացվում է, որ Հնդկաստանի քաղաքացիների՝ աշխատանքի թույլտվություն ստանալու դիմումներն ավելի շատ են սկսել մերժվել։ Բայց հնդիկները մեծ թափով շարունակում են ներգրավվել Հայաստանի աշխատաշուկայում՝ շատ դեպքերում՝ առանց որևէ փաստաթղթի։
«Գնացի գրասենյակ (Yandex Go/Delivery հայաստանյան գործընկեր կազմակերպություն) ցույց տվեցի անձնագիրս ու սկսեցի աշխատել։ Միայն անձնագիր ու հեռախոսահամար էր պետք»,- պատմում է 2023-ի նոյեմբերին Հայաստան ժամանած Սիմրանը։
Փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ ճանապարհ է անցնում մարդը Yandex-ի առաքիչ դառնալու համար։ Yandex Delivery-ի կայքէջում կա պատուհան, որտեղ պետք է լրացնել անուն և հեռախոսահամար։ Այնուհետև մեր հայտն ուղարկվում է առաքիչներ գրանցող տաքսապարկերի ընդհանուր բազային, և որ տաքսապարկն առաջինը տեսնում ու կապ է հաստատում պոտենցիալ առաքչի հետ, նա էլ ստանում է նոր «գործընկեր» ունենալու հնարավորությունը։
Մեզ զանգահարած տաքսապարկի ներկայացուցիչը բացատրեց, որ աշխատանքի անցնելու համար աշխատելու իրավունքը հավաստող որևէ փաստաթղթի կարիք չկա։ Արտասահմանցիների պարագայում նվազագույն մակարդակով անգլերենին տիրապետելը խրախուսվում է, բայց այդ մակարդակը ոչ ոք չի ստուգելու։ Ցանկալի է ձեռք բերել սնունդը տեղափոխելու համար նախատեսված արկղ-ուսապարկ, այդպես պատվերներն ավելի շատ կլինեն։ «Մեզ մոտ վաճառվում է, 20.000 դրամ արժի։ Բայց List.am-ում օգտագործած, ավելի էժան տարբերակները կան»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Թե ինչ վիճակում կլինի այդ օգտագործված արկղը, կարևոր չէ։ «Իսկ եթե շատ օգտագործված, մաշված, կեղտոտ լինի, ոչի՞նչ» հարցին պատասխանեցին՝ միևնույն է, դա չի ստուգվում։
-Թույլտվություն չունեն, չէ՞, էստեղ աշխատելու։
-Հա, հա, իհարկե, իսկ սա էլ ոչ մի վերահսկում չունի էլի Յանդեքսը։ Շատ-շատերը հենց տեսնում են հնդիկ ա, ատմենա են անում պատվերը։ Իրենց էլ եմ հասկանում, ես ինքս շատ եմ գրանցում, շատ եմ տեսնում։ Սպեցիֆիկ հոտը մի կողմ, դա լրիվ ուրիշ բան ա, բայց ես մի պահ նայեցի, ասեցի՝ լավ, տեսնեմ իրո՞ք կեղտոտ են, թե․․․ որովհետև իրենց հագածը, իրանց․․․ ու իրանք սնունդ են առաքելու։ Բայց էդ մաշիկների կեղտը որ ես տեսա, ես ասեցի՝ ինքս որ պատվիրեմ, ո՞նց եմ վերցնելու իրանցից սնունդը:
Այսպիսով, որոշ հնդիկներ չունեն աշխատելու իրավունք, աշխատանքային պայմանագիր, առողջապահական ապահովագրություն, անգլերենի նվազագույն իմացություն, սնունդ փոխադրելու՝ պատշաճ վիճակում գտնվող արկղ, բայց ամեն օրվա վերջում ունենում են կատարած առաքումների քանակին համապատասխան աշխատավարձ։
Երևանում առաքանի տեղափոխող գրեթե բոլոր դեղին, քառակուսի ուսապարկերի հետևում այսպիսի պատմություն է։ Սակայն որոշ հնդիկներ այս անօրինական աշխատանքը ստանձնում են մեկ այլ անօրինական համագործակցությունից տուժելուց հետո։
Կանխավճար աշխատանքի համար․ վճարում է աշխատողը
Սիմրանը Հայաստան եկել է հնդիկ գործակալի առաջարկով ու օգնությամբ։ Պայմանավորվածության համաձայն՝ հենց օդանավակայանում նրան դիմավորել է Լևոն անունով մի մարդ, ով պարտավորվել է գումարի դիմաց օգնել նրան ապրելու տեղ ու աշխատանք գտնել։
«Ես նրան տվեցի 500 դոլար, և նա ինձ աշխատանք առաջարկեց։ Բայց այդ գործատուն չհավանեց մեր աշխատանքը, մեկ շաբաթ անց ասաց, որ ես ու ընկերս լավ չենք աշխատում, ծույլ ենք։ Աշխատանքից հեռացրեց և չտվեց այդ մեկ շաբաթվա աշխատավարձը։ Իսկ Լևոնը չվերադարձրեց իմ 500 դոլարը, արգելափակել է հեռախոսահամարս»,- պատմում է Սիմրանը։
Մենք կապ հաստատեցինք նաև Լևոնի հետ, փորձեցինք առանց մեր աղբյուրի անունը տալու պարզել՝ եղե՞լ է նման դեպք։ Պատմեց՝ շատերին է օգնել, որոշներին՝ կանխավճար ստանալուց հետո, և միայն մեկ խնդրահարույց դեպք է եղել Սիմրան անունով հնդիկի հետ․ «Իր գումարը հետ ենք փոխանցել, բայց փորձում է կրկնակի գումար ստանալ»։
Լևոնը պատմեց նաև, որ ինքն առանց իրավաբանական գրանցման միջնորդի աշխատանք է կատարում՝ ստանալով հնդիկների աշխատավարձի 30-40 տոկոսը։
-Լինում ա՝ հնդիկն ա տալիս, որպեսզի աշխատանք գտնի, լինում ա՝ ինչ-որ մեկը, ով իրանց ուղարկում ա, տենց էլի։
-Իսկ ի՞նչ գումարի մասին ա խոսքը։
-Իրանց աշխատավարձի կարող ա մի 30-40 տոկոսը, մոտավորապես սենց էլի, կախված ա մի քիչ էլ աշխատավարձից։
-Իսկ լինո՞ւմ ա, որ սկզբում գումարը վերցնեք, հետո աշխատանք գտնեք իրենց համար։
-Որ արտերկրից են գալիս ի սկզբանե, տենց լինում ա, հա։ Էդ ընդունված բան ա ընդհանուր շուկայում, Դուք էլ կարաք հետաքրքրվեք, շատ տենց գործակալություններ կան, որ էդ ձև աշխատում են։
-Ձեր գործակալությունը ինչպե՞ս ա կոչվում, ո՞նց ա գրանցված։
-Չէ իմը գործակալություն չի, ուղղակի էդ ձևի աշխատում եմ հետները էլի մարդկանց։ Տենց մի հատ դեպք ա եղել, անունը սպասեք հիշեմ․․․ բայց իրա գումարը հետ վերադարձրինք, կրկնակի ուզեց գումարը, փորձում ա մարդկանցից հնարավորինս շատ գումար պոկի, դաժե սքրինշոթ ուղարկեցին, որ իր գումարը հետ ա ուղարկվել։ Իմրան կամ Սիմրան, ինչ-որ սենց մի բան էր։ Ես իրա կամպանիայի հետ կապվեցի, իրա կամպանյան ինձ ինչ-որ գումար էլ էր պարտք, հետո ինձ ուղարկեց, որ իրանք էդ գումարը փոխանցել են իրան։
Չկա օրինական գործարք, չի լինի նաև խնդրի օրինական լուծում․ Սիմրանը կշարունակի պնդել, որ իր գումարը չեն վերադարձրել, Լևոնը՝ որ իրեն զրպարտում են։
Եթե չի կարելի աշխատել, աշխատիր սննդի հետ
Շինարարության ու մաքրության աշխատանքները շատ են, բայց ոչ մշտական, ասում են հնդիկները։ Փոխարենը նրանք գտնում են համեմատաբար կայուն աշխատանք առաքման ոլորտում։ List.am-ի հայտարարատուները մեզ պատմեցին ոլորտի բացերի մասին, բայց խմորեղենի վաճառքով զբաղվող կազմակերպության համար առաքիչ գտնելու մեր խնդրանքը թողեցին անպատասխան։ Պատճառաբանությունը՝ չենք կարող երաշխավորել, որ հնդիկները հաճախորդին կգտնեն, նրանց հետ հայերեն կամ գոնե անգլերեն շփվել կկարողանան, սնունդը մաքուր ու անվնաս տեղ կհասցնեն։
Սննդի առաքմամբ զբաղվող կազմակերպություններից ևս մաքուր ու անվնաս սնունդ ստանալու որևէ երաշխիք չկա, հայտնում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից։ Ըստ այդ կառույցի՝ առաքիչները ոչ մի ստուգում չեն անցնում, իսկ նրանց արկղերի մաքրության ստուգում տեսչական մարմինը կարող է անել միայն անզեն աչքով՝ առանձնապես լավ արդյունքներ չարձանագրելով․ սնունդ տեղափոխող կազմակերպությունների գործունեությունը վերահսկելը սննդի անվտանգության համար պատասխանատու մարմնի լիազորություններից դուրս է։
«Մենք կարող ենք ստուգել միայն հանրային սննդի կետերի աշխատանքը, այն առաքումները, որոնք արվում են այդ կետի աշխատակից առաքչի կողմից՝ սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով։ Իսկ «Գլովո»-ն, «Yandex Eats»-ը ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, ոչ թե հանրային սննդի կետեր։ Մենք նրանց աշխատակիցներին ստուգել չենք կարող»,- ասում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության գլխավոր մասնագետ Ռոբերտ Թորոսյանը։
-Ստուգաթերթով ասում ա՝ տվյալ կազմակերպությունը պատշա՞ճ ա իրականացնում առաքումը, թե՞ չէ։ Խնդիրը հենց դա է, որ նույն կազմակերպությունը չի զբաղվում հա՛մ սննդի պատրաստմամբ, հա՛մ մատակարարմամբ, այլ մատակարարմամբ զբաղվում ա այլ կազմակերպություն։ Օրինակ՝ ես, պատվիրում եմ սնունց X ռեստորանից, X ռեստորանը դնում ա սովորական տաքսի մեքենա և առաքում ա ինձ։ Էս դեպքում ՍԱՏՄ-ն ո՞նց պետք ա տաքսիի վարորդին ստուգի, լիազորություն կամ օրենքի կետ չկա։ Օրենքն էլ գրվել ա 5-6 տարի առաջ, երբ էս ծառայությունները դեռ չկային, դեռ զարգացած չէին, գոյություն չունեին որպես այդպիսին էդ կուրիերական ծառայությունները, դրա համար օրենքը գրվելուց չի նախատեսվել տենց դեպքեր։
-Փոփոխություն չե՞ք նախատեսում։
-էս պահի դրությամբ օրենսդրական նախաձեռնությամբ մենք հանդես ենք գալիս, այսինքն՝ մշակման փուլում ա գտնվում, որ փորձենք գտնել այնպիսի տարբերակ, որ արդեն մեր վերահսկողության ներքո լինեն։ Ոնց որ մեր ազգաբնակչությունն ա տեսնում, մենք էլ ենք դա նկատում․ էդ պայուսակները՝ հիմնականում այլազգիների կողմից մատակարարվող, դրանց հակասանիտարական վիճակը․․․
Մինչ ոլորտը կարգավորող նոր նախագիծը կմշակվի, կքննարկվի, կընդունվի, ուժի մեջ կմտնի, ՍԱՏՄ-ից հայտնում են՝ այս պահին միակ պատասխանատուն ու «ստուգողը» պատվիրատուն է։ Իսկ խորհուրդը մեկն է՝ եթե մաքուր չէ, մի պատվիրեք։
Սննդի կետերը ևս պատասխանատվություն չեն կրում իրենց արտադրած սնունդը ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով քաղաքացիներին պատշաճ վիճակում հասցնելու հարցում։ Ռեստորաններից մեկի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ առաքման ծառայությունների հետ իրենք ոչ մի կապ չունեն․ «Եթե խնդիր կա, պատվերը ոչ թե այդ հավելվածներով, այլ ուղիղ ռեստորան զանգահարելով արեք։ Եթե մեր առաքչի աշխատանքը չհավանեք, կկարողանանք ինչ-որ բանով օգնել»։
Մեր ուսումնասիրության ընթացքում պարզել ենք, որ հնդիկ միգրանտների մեջ կան տուբերկուլոզով հիվանդներ, և նրանցից մեկը մահացել է: Այդ մասին հարցում ենք ուղղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
«01.04.2024 թ. դրությամբ հաշվառված են ակտիվ տուբերկուլոզով Հնդկաստանի 3 քաղաքացի: 16.12.2023 թ. մահացել է ակտիվ տուբերկուլոզով Հնդկաստանի 1 քաղաքացի»,- մեր հարցման պատասխանում հայտնել է ԱՆ գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը:
«Ի՞նչ են առաքում»-ը հարցի մի կողմն է, «ինչո՞վ են առաքում»-ը՝ մեկ այլ
Առաքման ոլորտում աշխատող հնդիկները պատվերը տեղ հասցնելու 5 տարբերակ ունեն՝ ոտքով, ինքնագլորով (սկուտեր), հեծանվով, մոպեդով կամ ավտոմեքենայով։ Առաջին երեք փոխադրամիջոցները ոչ մի փաստաթուղթ չեն պահանջում։ Սակայն մեքենա և մոպեդ վարելու համար վարորդական վկայական է պետք։
Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդական վկայականի «AM» ենթակարգ։ Հնդկաստանում ձեռք բերված թե՛ տեղական, թե՛ միջազգային վարորդական վկայականները Հայաստանի կողմից չեն ընդունվում, քանի որ, ինչպես տեղեկացել ենք ՆԳՆ-ից, Հայաստանում գործում են Վիեննայի 1968 թ. «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականները: Հնդկաստանի Հանրապետությունը Վիեննայի կոնվենցիայի անդամ երկիր չէ և չի վավերացրել դրա պայմաններն ու պահանջները։ Նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա չէ ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով գործող համարելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ:
Այս պարագայում ենթադրվում է, որ մեր երկրում երթևեկության անդամ դարձած հնդիկները վարորդական իրավունք են ձեռք բերել հենց այստեղ։ Սակայն սա կարող է մնալ միայն ենթադրության մակարդակում, քանի որ Հնդկաստանի քաղաքացի վարորդների վկայականների մասով ՆԳՆ ոստիկանությունն առանձին հաշվառում չի իրականացնում։ Սա իր հերթին նշանակում է, որ Հնդկաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ վերահսկողությունը, եթե անգամ կա, շատ թույլ է:
Գլխավոր նկարի ձեւավորումը՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել