
Արհամարհված հանդիսատեսներ. անթերի «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի հույսով
Ավարտվեց հերթական` 9-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ես ներկա չեմ եղել, չեմ էլ դիտել հեռուստատեսությամբ կամ համացանցում: Բայց ենթադրում եմ, որ այն ճոխ է եղել, կարմիր գորգերով եւ շքեղ ձեւավորմամբ, ազգիս մշակութային էլիտայի ներկայացուցիչների վերամբարձ ճառերով առլեցուն: Հնչել են ծափահարություններ, ասվել են գովեստի եւ շնորհակալական խոսքեր փառատոնի կազմակերպիչներին` հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով:
Կազմակերպիչներն էլ, հավանաբար, գոհ են իրենց կատարած աշխատանքից: Բայց մինչ 10-րդ փառատոնի ծրագրերը կազմելը կցանկանայի, որ կազմկոմիտեն իրեն հարց տար` ում համար է կազմակեպվում փառատոնը` հանդիսատեսի՞: Եթե այո, ապա գոնե պետք է հաշվի առնել նրա կարծիքը եւ մի փոքր հարգել նրան:
Այս տարի ես 4 ֆիլմ դիտեցի` տարբեր լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Ոչ մեկն ապահովված չէր նորմալ թարգմանությամբ: Չեմ խոսում ենթատիտրերում տեղ գտնող բազում սխալների մասին, դրանց վրա դեռ կարելի է աչք փակել, տեխնիկական վրիպակներ են (թեեւ մի խմբագիր ունենալու դեպքում դրանից էլ կարելի էր խուսափել), բայց երբ համատեքստից դուրս, ֆիլմի բովանդակության հետ կապ չունեցող թարգմանություն է ընթանում, դա անհարգալից վերաբերմունք է հանդիսատեսի նկատմամբ:
Սոկուրովի «Արեւը» ֆիլմի հուլիսի 10-ի ցուցադրությունը խայտառակ կերպով տապալվեց: Երիտասարդ աղջկա ձայնով հնչող թարգմանությունը ասես ընթերցվում էր «googletranslate»-ից: Հանդիսատեսը ապշած էր, մեծ մասը լքեց դահլիճը, մնացողներն ուզում էին տեսնել, թե ուր կհասնի թարգմանչի երեւակայությունը, ով հանդերձանքը փոխել ցանկացող կայսրին «փոխարինում էր մեկ ուրիշով», իսկ կայսրի` սպասավորին ուղղված «Ամերիկացիներն են եկել» պարզ հարցը թարգմանեց բառացիորեն հետեւյալ կերպ. «Դուք պետք է մեկնեք Ամերիկայից»: Պակաս կոպիտ, բայց դարձյալ թերի էին թարգմանված նաեւ իմ դիտած մյուս ֆիլմերը` «Դրախտ. սեր», «Մահ Վենետիկում», սխալներ կային անգամ փակման «Սեր» ֆիլմի թարգմանված տեքստում:
Նման թերությունները կարող էին ներվել փառատոնի կազմակերպման առաջին տարիներին, երբ այն պատշաճ ֆինանսավորում, հովանավոր չուներ, կազմակերպվում էր մի խումբ եռանդուն մարդկանց ջանքերով: Բայց մենք արդեն 9-րդ փառատոնը փակեցինք: Եվ «Ոսկե ծիրան»-ն ունի ՀՀ Կառավարության աջակցությունը, «ՎիվաՍել»-ի պես խոշոր գլխավոր հովանավոր, տասնյակից ավելի գործընկերներ եւ այլ տրամաչափի հովանավորներ:
Իսկ հուլիսի 14-ին` շաբաթ օրը, փառատոնի փակման ֆիլմը դիտելու եկած հանդիսատեսն իրեն պարզապես խաբված եւ արհամարհված զգաց: 18.00-ի համար ինձ նման տասնյակ մարդիկ «Մոսկվա» կինոթատրոն էին շտապել` դիտելու Միխայել Հանեքեի «Սեր» ֆիլմը: Բոլորս տոմսերը գնել էինք դեռեւս շաբաթվա սկզբին` շատ լավ իմանալով, որ դրանք շուտ կսպառվեն: Բայց Կապույտ դահլիճի դռների մոտ մեզ դիմավորող ոսկեծիրանականները «ավետեցին», որ տոմսեր գնած մարդկանց համար ֆիլմի ցուցադրությունը տեղափոխվել է 20.30: 18.00-ին այն ցուցադրվելու է փառատոնի հյուրերի ու հրավիրատոմս ունեցող տեղացիների համար:
Բարկության եւ հիասթափության, երկրորդ սորտի, անկարեւոր լինելու զգացումը պատել էր բոլորիս: Մեկը հիվանդ ծնողին էր թողել տանը, Արտաշատից հապշտապ եկել եւ չգիտեր` վերադառնա առանց ֆիլմը նայելու, թե սպասի մինչ 20.30, մյուսը` մանկահասակ երեխային... Ես հանուն փակման ֆիլմի բաց էի թողել ինձ համար կարեւոր մեկ այլ միջոցառում: Արդյոք չէի՞ն կարող 32 մեդիա-գործընկեր ունեցող փառատոնի կազմակերպիչները ծրագրի փոփոխության մասին հանրությանը տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով, ասուլիս հրավիրելով, գլխավոր հովանավոր «ՎիվաՍել»-ի միջոցով հաղորդագրություն ուղարկելով կամ տեխնոլոգիական 21-րդ դարում հասանելի այլ միջոցով, եթե, ինչպես իրենք են ասում, այդ փոփոխությունը կատարվել էր դեռեւս 3 օր առաջ:
Միակ բանը, որ նրանց մտքով անցել էր, կինոթատրոնի առաջին հարկի մուտքի դռան մոտ (ներսի կողմից) հայտարարություն փակցնելն էր: Թե ինչպես դրա մասին պիտի տեղեկանային նրանք, ովքեր հինգշաբթի-ուրբաթ օրերին կինոթատրոն չէին եկել, նրանց չէր մտահոգել: Եվ այս պարագայում փառատոնի կազմակերպիչների շուրթերից ասված «Հայցում ենք Ձեր ներողամտությունը» արտահայտությունը ոչ մի արժեք չունի հանդիսատեսի համար:
Այս ամենը գրում եմ ոչ թե ամեն ինչ քննադատելու մոլուցքից դրդված, այլ փառատոնն ավելի կատարյալ տեսնելու, այն իբրեւ տոն ընկալելու եւ դրանից միայն հաճելի տպավորություններ ունենալու ցանկությամբ: Ես ուզում եմ տեսնել նորմալ, լավ մտածված եւ կազմակերպված ծրագրով 10-րդ կինոփառատոն:
«Ոսկե ծիրան» փառատոնի հավատարիմ հանդիսատես
Հ.Գ. Մի ուղերձ էլ կինոթատրոնների (հատկապես` «Նաիրի») ղեկավարությանը եւ փառատոնի կազմկոմիտեին համատեղ. հարգելիներս, ամառային այս տոթ օրերին տոմս գնած հանդիսատեսի վրա մի խնայեք էլեկտրաէներգիան եւ միացրեք դահլիճների օդորակիչները: Մարդ ենք, վերջիվերջո...
Լուսանկարը՝ Լուսինե Սարգսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել