
Սուրեն Պապիկյանը եւ Քրիստինա Քվինը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը
Մայիսի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Ըստ ՊՆ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:
«Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը և դեսպան Քվինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ՊՆ-ի
Մեկնաբանել