
Արցախն ու բանկային ճորտատիրությունը
Ալեքսանդր Քանանյան
Քարվաճառում «Արցախբանկի» մասնաճյուղի բացումը հիրավի մեծ առաջընթաց էր՝ շրջանի զարգացման և բնակչության համար նոր դյուրություններ ապահովելու հարցում: Սակայն, խոսելով բազում առավելությունների մասին, հարկ է անդրադառնալ նաև խիստ մտահոգեցնող մի երևույթի՝ «Արցախբանկի»՝ արցախցիների հանդեպ վարած վարկային քաղաքականությանը: Քարվաճառի պես ցայժմ սակավաբնակ տեղում այն պարզապես առավել ցայտուն է:
Միանգամայն հասկանալի է, որ բանկերը հենց վարկավորման ծրագրերից են քաղում իրենց եկամուտի նշանակալից մասը: Բայց տոկոսադրույքները, բնականաբար, պետք է տրամաբանված և հիմնավորված լինեն: Հետպատերազմյան բյուր խնդիրներին բախվող Արցախի բնակչության հաշվին գերշահույթ ապահովելու ներկա ավանդույթը ենթակա է շուտափույթ վերանայման: Քարվաճառում, օրինակ, հավելյալ գումարի անհրաժեշտություն ունեցող հարյուրավոր անձինք մեկ կամ անգամ մի քանի վարկ վերցնելով, ընկնում են իսկական ճորտության մեջ: 24 % տոկոսադրույքով տրամադրվող վարկերը կարիքավոր մարդկանց վերածում են «Արցախբանկի» յուրօրինակ ճորտերի, որոնք այդ նույն բանկից են վերցնում նորանոր վարկեր՝ նախորդ վարկերի տոկսները մի կերպ փակելու համար:
Իհարկե, մենք մտադիր չենք անտեսել բանկից վարկ հայցող շատ քաղաքացիների անպատասխանատվությունը: Յուրաքանչյուր ոք պետք է լրջորեն կշռադատի, թե արդյո՞ք նա ի վիճակի է կատարել բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները: Այս առումով բանավեճ չկա. Դրամական հարցերում թեթևամտությունը բազում ընտանքիների անհաջողությունների կամ քայքայման պատճառ է եղել: Այնուամենայնիվ, պետությունը նույնպես պետք է քաղաքական կամք դրսևորի՝ «Արցախբանկի» սեփականատերերի հետ՝ վարկային տոկոսադրույքների իջեցման գեթ փուլային ընթացքի շուրջ բանակցելու համար: Խիստ անարդար և վրդովեցուցիչ է արցախցիների հաշվին գերշահույթ հետապնդելու նման՝ որևէ միջազգային չափանիշների չհամապատասխանող եղանակը:
http://www.artsakhtoday.com/?p=20940
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել