
ՀՀ ԱԳՆ-ից չեն հայտնում, թե արդյոք Հայաստանը կմասնակցի Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք համաժողովին
Հաջորդ ամիս Շվեյցարիայում նախատեսվում է Ուկրաինայի հարցով համաժողով անցկացնել։ Ըստ Շվեյցարիայի կառավարության՝ այն տեղի կունենա հունիսի 15-ին և 16-ին Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Նիդվալդեն կանտոնի Բյուրգենստոկ հանգստավայրում։
Առանց Ռուսաստանի մասնակցության խաղաղության համաժողով առաջարկել էր կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սակայն շվեյցարական կողմը հրավիրել է նաև Ռուսաստանին՝ հավելելով, որ համանման հրավեր ուղարկվել է աշխարհի ավելի քան 100 երկրների։ Այդուհանդերձ Մոսկվան հրաժարվում է մասնակցել այս համաժողովին։ Ինչպես հայտարարել է Շվեյցարիայում ՌԴ դեսպան Սերգեյ Գարմոնինը, «առանց Ռուսաստանի մասնակցության՝ Ուկրաինայում կարգավորման շուրջ ցանկացած խոսակցություն անիմաստ է»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան չի հայտնել, թե արդյոք հայկական կողմը Շվեյցարիայից ստացե՞լ է նման հրավեր և արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստվու՞մ է մասնակցել այդ համաժողովին։
«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ միջազգային որևէ համաժողովին մասնակցության վերաբերյալ հանրային տեղեկատվությունը հրապարակվում է պատշաճ ժամկետներում»,- ասված է ԱԳՆ պատասխանի մեջ։
Դեռ նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում մասնակցել էր Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին և հանդիպել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
Երկօրյա համաժողովը կազմակերպվել էր Կիևի նախաձեռնությամբ։ Այս մասնակցությունը Մոսկվայում բացասաբար էին ընդունել՝ պնդելով, թե դա հակասում է հայ-ռուսական հարաբերություններին։ «Եթե խոսում եք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից հակառուսական ցուցադրական ժեստ»,- նոյեմբերի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Համանման մեկ այլ հանդիպման էլ Գրիգորյանը մասնակցել է այս տարվա հունվարի Դավոսում։
Երևանում, սակայն, նշում էին, որ այդ քայլն ուղղված չէ Մոսկվայի դեմ։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Հետք
Մեկնաբանել