
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ոստիկանները բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց, որտեղ պատգամավորը մասնակցում էր բողոքի ակցիային․ քաղաքացիները փակել էին մայրուղին։
Արթուր Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գտնվում է Հրազդանի ոստիկանության բաժանմունքում՝ խոստանալով ավելի ուշ մեկնաբանել կատարվածը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Ըստ այդ հաղորդագրության՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում և հետո նաև Հանրապետության տարբեր հատվածներում սկսվեցին բողոքի ցույցեր։ Քաղաքացիների մտահոգությունն այն է, որ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:
Մեկնաբանել