
Բաքվի և Երևանի միջև հակամարտության լուծման շանսերն ավելի մեծ են, քան երբևէ. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն ավելի մեծ են, քան երբևէ: Այդ մասին Azertac գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իհարկե, մենք նախ և առաջ քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և համակարծիք ենք, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Դրա շանսերն ավելի մեծ են, քան երբևէ։ Ուստի ճիշտ է, որ դուք ուղիղ երկխոսություն եք վարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- Ալիևին ասել է Օլաֆ Շոլցը։
«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ երկարաժամկետ և ընդունելի լուծմանն աջակցության Գերմանիայի առաջարկը մնում է ուժի մեջ: Մենք պատրաստ ենք դրան, եթե բոլոր կողմերն իրենց հերթին դա ցանկանան։ 2024 թվականը կարող է և պետք է խաղաղության տարի լինի տարածաշրջանի համար։ Սա հնարավորություն է, միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն»,- հայտարարել է Շոլցը՝ Երևանին ու Բաքվին կոչ անելով գալ փոխհամաձայնության։
Շոլցը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին պայմանավորվածության մասին վերջին հաղորդագրությունները ոգևորիչ են, և պետք է պահպանել այդ դինամիկան ու «ձեռնարկել հետագա համարձակ քայլեր»: «Հավատում եմ այս տարի խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին: Ալիևը պատասխանել էր, որ ընդունում է Ղազախստանի առաջարկը՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Այսօր ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարել է, որ դիտարկում են ղազախական կողմի այդ առաջարկը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել