
Ի՞նչ ճակատագիր կունենան Կաշենի հանքի տարածքի հուշարձանները
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը այս տարվա հունիսին հաստատել է Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը: Մինչ այդ ստեղծվել էր միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված էին մասնագետներ տարբեր ոլորտներից՝ ԼՂ Ազգային ժողովից, կառավարությունից, որոնք էլ «Վալլեքս» խմբի ընկերությունների հետ նախապատրաստել են համապատասխան ծրագիրը։
Տարածքը, որտեղ պետք է իրականացվի արդյունահանումը, ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր (Գյուլաթաղ), Ճանկաթաղ (Չինգյաթաղ) և Ծաղկաշեն գյուղերը: Հանքավայրը շահագործելու է «Բեյզ Մեթալս» ընկերությունը («Վալլեքս» խմբի ընկերություններից մեկը):
Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կաշենի հանքավայրի տարածքում հաշվառված են 110 հուշարձան-հուշարձանախմբեր, որոնք պարունակում են 2,5 հազարից ավելի հուշարձաններ: Դրանցից շուրջ 400-500-ը հնագիտական են (դամբարաններ, սրբատեղեր), մոտ 2 հազարը փոքր ձևի (խաչքար, տապանաքար, կոթող և այլն), իսկ 9 հուշարձան դասվում է ճարտարապետական-քաղաքաշինական հուշարձանների խմբին: Սակայն կան հուշարձաններ, որոնք ուսումնասիրված ու հաշվառված չեն: |
Կան դամբարաններ, որոնք չեն երևում, կան նաև փլված ու կանգուն եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, գերեզմանոցներ ու կարասային թաղումներ: Այդ տարածքում աչքի ընկնող հուշարձաններն են Մելիք-Ալավերդյանների ապարանքը Վարդաձորում (Գյուլաթաղ) և Մելիք-Իսրայելյանների պալատը (ապարանքը) Մոխրաթաղի արևմուտքում:
![]() |
Մելիք Ալավերդյանների ապարանք: Մարտակերտի շրջան, գ. Գյուլաթաղ, կառուցվել է 1799թ.: |
Օրենքն արգելում է հուշարձանների քանդումը, սակայն եթե տվյալ տարածքը պետական կարևոր նշանակություն ունի, այսինքն` այդ հանքը կարևոր նշանակություն ունի Արցախի տնտեսության զարգացման համար, բացառիկ դեպքերում միայն կառավարության որոշմամբ կատարվում են հնագիտական հուշարձանների պեղման և ուսումնասիրման աշխատանքներ, հետո միայն այդ տարածքը հանձնվում է տվյալ կազմակերպությանը:
Տվյալ դեպքում խոսքը դամբարանների մասին է, իսկ այլ հուշարձանների դեպքում, ըստ օրենքի, կատարվում են տեղափոխումներ: Սակայն, դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի տեղափոխվեն գերեզմաններն ու ապարանքները, առանձնապես Մելիք-Ալավերդյանների ու Մելիք-Իսրայելյանների ապարանքները:
Խնդիրն ավելի է դժվարանում, քանի որ օրենքի համաձայն՝ հուշարձան է համարվում ոչ միայն տվյալ հուշարձանը, այլև նրա պատմական միջավայրը: Բացի դրանից՝ այդ ապարանքների տեղափոխումը մեծ ծախսերի հետ է կապված, և դրանք սովորական քարից չեն պատրաստված: Եթե պեղումների հարցը կարելի է լուծել, ապա հուշարձաններրի տեղափոխումը դժվար է պատկերացնել: Որտե՞ղ տեղափոխել, ինչպե՞ս տեղափոխել… Հնարավոր է նաև ապարանքների մի մասը տեղափոխեն, մի մասն էլ «կղզիացնեն»: Իսկ հետագայում արդյո՞ք հնարավոր կլինի կրաշաղախով կառուցված շինությունները վերականգնել:
Կաշենի հանքավայրի տարածքում «Բեյզ Մեթալս» ընկերությունը շարունակում է ուսումնասիրության աշխատանքները:
![]() |
![]() |
Գյուլաթաղ գյուղի գործող գերեզմանատան խաչքարը: Այս վայրը սրբատեղի է: Մարտակարետի շրջան: | Խաչքար, Ս. Գևորգ եկեղեցի, Մարտակերտի շրջան, գ. Ջանյաթաղ: |
Թե ինչու են Արցախի հուշարձանագետները լռում, անհասկանալի է, նրանք առայսօր ոչինչ չեն ասել: Ի դեպ, իշխանությունները տալիս են Վարդաձոր (Գյուլաթաղ), Ճյանկաթաղ (Չինգյաթաղ) և Ծաղկաշեն գյուղերի անունները, սակայն կառավարության «Հետքի» աղբյուրները նշում են, որ հանքի տարածքի մեջ են «մտնում ևս մի քանի գյուղեր, որոնց անունները դեռեւս չեն տալիս»: Այդ գյուղերում ևս կան հնագիտական շինություններ: Օրինակ՝ Մոխրաթաղում կա վանք, Վարդաձորի գերեզմանոցում կա հուշարձան և այլն:
«Հետքի» նույն աղբյուրները հայտնում են նաեւ, որ սխալ է, երբ ասում են՝ տարածքում անտառներ չկան: Վարդաձորի գերեզմանոցն ամբողջությամբ շրջապատված է անտառով, Ճանկաթաղն ու Վարդաձորը՝ նույնպես, Մելիք-Ալավերդյանների ապարանքներից մեկն անտառում է, իսկ Մելիք-Իսրայելյանների ապարանքը բացատում է, որի շուրջ նույնպես անտառ է:
Առաջին լուսանկարը՝ Մարտակերտի շրջան, գյուղ Մաղավուզ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել