
Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի ՀԱՊԿ երեք երկրների ու Ուզբեկստանի հետ
Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն այս տարվա հուլիսին կանցկացնեն համատեղ օպերատիվ-մարտավարական «Бірлестік-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Վերջինիս տվյալներով՝ զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանի Օյմաշա ուսումնական զորավարժարանում, ինչպես նաև Կասպից ծովի ջրային տարածքում գտնվող Տոկմակ հրվանդանում: «Կիրականացվեն զինված հակամարտությունների գոտու որոշման ուղղությամբ ուսումնամարտական խնդիրների կատարման գործողություններ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ակտաուում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել համաժողով, որի ընթացքում մասնակիցները քննարկել են զորավարժությունների նախապատրաստման հետ կապված մի քանի հարցեր:
Հետաքրքրական է, որ այս երկրներից երեքը՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել