
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենք-շինությունները կվաճառվեն «Քվանտ»-ին ՝ 123 մլն դրամով
Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող գույքը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով՝ համաձայն ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ ուղղակի վաճառքով օտարման ենթակա գույքի վաճառքի գին է սահմանվել 123 000 000 դրամը։
Որոշմամբ սահմանվել է նաև, որ գույքի հանձնման-ընդունման պահից սկսած գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի 5 տարվա ընթացքում իրականացնել 250 000 000 դրամի ներդրում։
«Քվանտ»-ը նախատեսում է ընդլայնել հանրակրթական գործունեությունը, մասնավորապես՝ ուսումնական տարածքների ընդլայնում, դասարանների ավելացում, ուսանողական-ուսուցչական հանրակացարանի հիմնում։
Լուսանկարը՝ «Քվանտ» վարժարանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել