
«Կրոկուս Սիթի Հոլ»-ից հայտարարել են, որ ահաբեկչության ժամանակ շենքից տարհանվել է շուրջ 5000 մարդ
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի աշխատակիցը ռուսական TACC գործակալությանը պատմել է, թե մարտի 22-ի ահաբեկչության ժամանակ քանի մարդու է հաջողվել տարհանել համերգասրահից։
«Շենքից տարհանվել է շուրջ 5 հազար մարդ։ Հրդեհաշիջման ժամանակ հրշեջները նկուղից ու տանիքից փրկել են ևս 100 մարդու»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանի ԱԻՆ Մոսկվայի մարզային գլխավոր վարչությունից ավելի վաղ հայտնել էին, որ փրկարարները շենքի նկուղից դուրս են բերել մոտ 100 մարդու: Թե քանի մարդ է փրկվել շենքի տանիքից, ԱԻՆ-ում չէին հստակեցրել։
Հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է ահաբեկչության օրը գտնվել «Կրոկուս»-ում։ Դահլիճում առկա էր 6200 նստատեղ, իսկ պարահրապարակի հետ միասին այն կարող էր տեղավորել 7233 մարդու։
«Пикник» խմբի համերգի համար, որը նախատեսում էր այդ օրը ելույթ ունենալ «Կրոկուս»-ում, վաճառվել էին բոլոր տոմսերը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ ահաբեկիչներ հարձակում էին գործել Մերձմոսկվայում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա ու հրդեհել։ Դրա հետևանքով զոհվել է 137 մարդ։ ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 11 կասկածյալի, ներառյալ ենթադրյալ 4 ահաբեկիչներին։ Նրանք բոլորը Տաջիկստանի քաղաքացիներ են։ Դատարանի որոշմամբ՝ նրանք ձերբակալվել են։
Լուսանկարը՝ Алексей Орлов / Ведомости
Մեկնաբանել