
Լարիսա Ալավերդյան. ՀՀԿ-ն քաղաքականացնում է «Հարսնաքարի» դեպքը
«Այո, սա քաղաքական վերլուծության, քաղաքական հետևությունների և քաղաքական գործողությունների անհրաժեշտություն ունեցող դեպք է»,- «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով այն տեսակետներին, որ քաղաքական ուժերը շահարկում են ողբերգությունը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ քաղաքական ուժերը փորձում են կոծկել այդ դեպքը:
«Այստեղ ավելի քան պահանջված է Հանրապետական կուսակցության կողմից հստակ դիրքորոշումներով հայտարարությունը, այսինքն՝ քաղաքականացումը ոչ միայն գործողություններով է, այլև անգործությամբ: Քաղաքականացնում է հենց իշխող կուսակցությունը: Եվ քաղաքականացում է այն հայտարարությունները կամ բառապաշարը, որով հանդես են եկել Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով ՀՀԿ անդամների այն տեսակետին, որ բողոքի ակցիաներին մասնակցողները փորձում են դիվիդենտներ շահել՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ամեն մարդ մտածում ու չափում է իր արշինով:
«Քանի որ այդ անձինք միայն դրանով են ղեկավարվում, իրենց հասու չէ, որ կարող է մարդը ջղայնանալ, ցավ զգալ, բողոքել, երկրին տեր կանգնել, գնալ և ռիսկի դիմել և գնալ և այդ բիրտ ուժի դեմ կանգնել, որովհետև իշխանության մեջ այդ անձինք մտածում են, որ իրենց տեղերը իրենց հարմարության, իրենց հարստացման և այլոց ճնշելու համար են: Ես ցավակցում եմ այդ մարդկանց»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքերով՝ ցանկացած երկրում, երբ քաղաքացիական հասարկությունն ակտիվանում և սկսում է ավելի գրագետ գործել, իշխանության հետադիմական ուժերը սկում են ավելի բիրտ միջոցների դիմել, ինչը հոգեբանության մեջ կոչվում է «հուսահատության քայլեր»:
«Հոգեբանորեն նա իրեն զգում է կարծես թե ավելի ու ավելի անկյուն ընկնողի վիճակում, և դա նրա բնականոն արձագանքն է. նա սկսում է ավելի լկտի, ավելի անօրինական, ավելի բիրտ իրեն պահել, ապացուցել, թե ինքը ով է: Բայց քաղաքացիական հասարակության արթնացումը, ավելի ակտիվացումը և ունակությունների զարգացումը ակնհայտ են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Մեկնաբանել