
Նվարդ Մանասյան. վախի պատճառով Ավանի բնակիչները «Հարսնաքարի» մոմավառությանը հետևում էին պատուհաններից
«Հարսնաքարում» ծեծված, ապա հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի առթիվ հուլիսի 8-ին ռեստորանի մոտ անցկացվող մոմավառությանը Ավանի շատ բնակիչներ հետևում էին պատուհաններից, քանի որ վախեցած էին: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Նվարդ Մանասյանը:
«Այսինքն՝ մասնակցության հայտը կա, բայց դեռ կար զգուշավորություն»,- ասաց բանախոսը: Նրա կարծիքով, այնուամենայնիվ, հասարակության արձագանքը համարժեք էր հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին՝ հաշվի առնելով տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիների օտարումն ու իրավազրկումը:
«Լռության հիմնական մեղքը դնում եմ քրեաօլիգարխիկ համակարգի վրա, որ ընդհանրապես ընչազուրկ դարձրեց ժողովրդին և սարսափի տակ, այս բաց երկնքի տակ համակենտրոնացման ճամբարի սկզբունքով ստեղծված հասարակությունում պահեց մեզ: Եվ եթե նկատել եք, մարդիկ, ովքեր ընդվզել են, որպես կանոն հեռացել են. հեռացել են կամ Հայաստանից, կամ կյանքից: Շատ քչերին է հաջողվել շարունակաբար պայքարել արժանապատիվ ապրելու համար»,- ասաց Նվարդ Մանասյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն, ասաց, որ դեպքին հասարակության արձագանքի մեջ կային ոչ համարժեքության տարրեր, որոնք դրսևորվել են ֆեյսբուքի քննարկումներում ու հայտարարություններում:
«Ես խոսում եմ բնակչության հետ ու տեսնում եմ՝ քաղքենիական որոշ մոտեցումներ գռեհկացված ձևով տեղ են գտել որոշ ֆեյսբուքային քննարկումներում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Նրան զարմացնում է, երբ մարդիկ իրեն ասում են, որ միջադեպի ժամանակ բժիշկներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել: «Կարծես թե դա պետք է արդարացնի դաժան ծեծով սպանությունը: Անգամ եթե նրանք եղել են ոչ սթափ վիճակում, դա հիմք չէ և որևէ ձևով մեղմացուցիչ հանգամանք չէ այս դաժան սպանության համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա հավելեց, որ չի կարելի նվաստացնել նաև հանցագործության մեջ մեղավորների արժանապատվությունը: «Հասարակության մեջ մտել է մի տարօրինակ բան, որ կարելի է մեղավորին խփել, կարելի է հաշվեհարդար իրականացնել, որ կարելի է՝ դու ինքդ որոշես՝ «դե, սա ով ա»: Եվ դա հնչեցվում է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ մինչև «Հարսնաքարի» դեպքը Ռուբեն Հայրապետյանն իր հրապարակային հայտարարություններով իրեն էր վերագրում պատժելու, տվյալ դեպքի ելքը որոշելու իրավունքը:
Մեկնաբանել