
Ռուբեն Հայրապետյանի առանձնատան չափերը զարմացրել են Լարիսա Ալավերդյանին
«Հարսնաքարում» ծեծված, ապա հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի առթիվ՝ հուլիսի 8-ին ռեստորանի մոտ անցկացված մոմավառության մասնակիցները որոշեցին երթով շարժվել ռեստորանի սեփականատիրոջ՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ առաջին անգամ էր լինում Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտ և զարմացել է՝ տեսնելով դրա չափերը: «Ես եղել եմ տարբեր երկրներում և հարուստների թաղամասերում, ես զարմացած էի»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը, հավելեց, որ Ռուբեն Հայրապետյանի տունը ոչ թե ապարանք էր, այլ ամբողջ թաղամաս:
Անդրադառնալով հունիսի 17-ին «Հարսնաքարում» բժիշկների ծեծից հետո ռեստորանում անցկացվող խնջույքներին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ չի կարող երջանկություն կամ որևէ լավ բան սկսվել մի տարածքում, որտեղ ցավ է եղել, արյուն է թափվել:
«Պետք չի էդտեղ անել դա: Ընտրեք մի տեղ, որտեղ չի թափվել արյուն»,- ասաց նա և հավելեց, որ ծեծի հետևանքով վնասվածք ստացած մյուս բժիշկները դեպքից շաբաթներ անց էլ դեռ բուժվում են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել