
Վրաստանի վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Դաշինքին Վրաստանի ինտեգրման հարցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ Թբիլիսիում քննարկել է Դաշինքին Վրաստանի ինտեգրման գործընթացը:
«Ուրախ եմ, որ այսօր մենք ևս մեկ անգամ քննարկեցինք ՆԱՏՕ-ի և Վրաստանի համագործակցության հարցերը, ինչպես նաև մեր ինտեգրման գործընթացը: Ցանկանում եմ օգտվել առիթից և հատուկ շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ին և անձամբ գլխավոր քարտուղարին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»,- բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը «Դաշինքի ամենահավատարիմ և վստահելի գործընկերներից մեկն է»։ Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, ՆԱՏՕ-ն կարևոր դեր է խաղացել և խաղում Վրաստանի պաշտպանական կարողությունների զարգացման գործում:
Սթոլթենբերգը Վրաստան է ժամանել այսօր։ Նախատեսված է նաև նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վաղը կլինի արդեն Երևանում։ Նորվեգացի պաշտոնյան բարձր մակարդակի բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ։ Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիս։ Սթոլթենբերգի այցը տարածաշրջանային է։ Մինչ այս նա գտնվում էր Բաքվում, որտեղ հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ։
Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության
Մեկնաբանել