
Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Մյունխենի անվտանգության համաժողովի և երկու երկրների արտգործնախարարների Բեռլինում կայացած հանդիպումներից բխող հարցերի, խաղաղության գործընթացից Ադրբեջանի ակնկալիքների, այդ գործընթացի շրջանակներում բաց մնացած հարցերի վրա: Ընդգծվել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները։
Հիշեցնենք, որ մինչ այդ Բոնոն գտնվում էր Երևանում, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՀՀ իշխանությունների հետ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել