
Հայաստանի ընտրանին սկսում է նախապատրաստությունն առաջիկա ընկերական խաղերին
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է նախապատրաստվել այս ամսվա վերջին Կոսովոյի եւ Չեխիայի հավաքականների հետ ընկերական խաղերին: Հիշեցնենք, որ մարտի 22-ին մեր թիմը Երեւանում հյուրընկալելու է Կոսովոյի ընտրանուն, իսկ ամսի 26-ին Պրահայում մրցելու է Չեխիայի հետ:
Ազգային ընտրանին մարզական հավաքն անցկացնում է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ հավաքին արդեն միացել են հետեւյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Վաղը՝ մարտի 18-ին, թիմին կմիանան Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդգար Սեւիկյանը եւ Անդրե Չալըշըրը: Մարտի 19-ին հավաքականի ճամբար կժամանի Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եւ Լուկաս Սելարայանը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հիշեցնենք, որ Կոսովոյին առաջին անգամ հանդիպել ենք 2022 թ. նոյեմբերի 16-ին Պրիշտինայում՝ կրկին ընկերական խաղում, որն ավարտվեց 2-2 հաշվով: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը: Ընդ որում՝ մերոնք խաղի ընթացքում առջեւում էին 1-0, ապա՝ 2-1 հաշիվներով, սակայն կոսովարները կարողացան ավելացված ժամանակում գոլ խփել ու խուսափել պարտությունից:
Չեխերի հետ խաղացել ենք ավելի շատ: Երկու երկրների ազգային հավաքականների մակարդակով կայացել է 5 հանդիպում, որից 4-ը՝ պաշտոնական:
Առաջին երկու խաղերը կայացել են աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2004-ի հոկտեմբերի 13-ին մերոնք Երեւանում մրցակցին զիջեցին 0-3 հաշվով, իսկ 2005 թ. սեպտեմբերի 7-ին չեխական Օլոմոուցում գրանցվեց 4-1 հաշիվը՝ հօգուտ դաշտի տերերի: Մերոնցից միակ գոլը խփեց Արա Հակոբյանը:
Թիմերը հանդիպել են նաեւ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: 2013-ի մարտի 26-ին չեխերը Երեւանում հաղթեցին 3-0 հաշվով: Հետաքրքիր է, որ գալիք խաղը կայանալու է այս հանդիպումից ուղիղ 11 տարի անց՝ կրկին մարտի 26-ին: Պատասխան խաղը կայացավ 2013 թ. սեպտեմբերի 6-ին Պրահայում: Մեր թիմը պատմական հաղթանակ տարավ Կառլեն Մկրտչյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերի շնորհիվ՝ 2-1:
2016-ի օգոստոսի 31-ին էլ ընկերական մրցավեճ անցկացվեց չեխական Մլադա Բոլեսլավում, որում 3-0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը:
Այսպիսով՝ կայացած 5 հանդիպումներում մեր թիմը տարել է 1 հաղթանակ եւ կրել 4 պարտություն: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը ի վնաս մեզ է՝ 3-14:
Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը 94-րդն է, Կոսովոն՝ 102-րդը, իսկ Չեխիան՝ 40-րդը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել