
Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Բացի եռակողմ հանդիպումից, նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև երեք ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիս։
Հանդիպման սկզբում Բայրամովը նշել է այն հարցերը, որոնք քննարկվում են եռակողմ հանդիպման ժամանակ։ Ըստ նրա՝ արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային եռակողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են նաև եռակողմ համագործակցության վերաբերյալ հռչակագիր, որը ստացել է «Բաքվի հռչակագիր» անվանումը։
«Երեք երկրների հարաբերությունները քաղաքական երկխոսության շատ բարձր մակարդակ ունեն։ Օրենսդիր մարմինների, պետական ինստիտուտների համագործակցությունը և այլ հարցեր նպաստում են քաղաքական երկխոսությանը: Այսօր երեք երկրների միջև կրկին քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կնպաստի քաղաքական երկխոսությանը, կնպաստի հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ստորագրումից հետո նշել է Բայրամովը։
Եռակողմ հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել