
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնել. ԵՄ ներկայացուցիչ
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնել։ Այս մասին ռուսական «Известия»-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Պետություններն իրավունք ունեն իրենց ժողովրդի համար ձգտել ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են որոշելու, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդը և կառավարությունը, պետք է որոշեն՝ արդյոք նրանք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- հայտարարել է Ստանոն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի համար բաց են Եվրամիության դռները։
Նա հիշեցրել է, որ հենց որ այս կամ այն երկիրը հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու համար, այն դիտարկվում է անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա համապատասխան որոշում են ընդունում:
Հիշեցնենք, որ մարտի 13-ի երեկոյան Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել էր Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձև, որով կոչ էր արվում ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ընդգծվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։ Բանաձևի ամենակարևոր կետն այն էր, որ ԵՄ օրենսդիր մարմինն անդրադառնում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությանը և եվրոպական կառույցներին կոչ անում դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու հնարավորությունը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- արձանագրել էր Եվրախորհրդարանը՝ ԵՄ գործադիր իշխանությանն առաջարկելով դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հնարավորությունը:
Եվրոպացի պատգամավորները Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին կոչ էին անում նաև ակտիվորեն աջակցել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև անվտանգային և քաղաքական երկխոսության։
Եվրախորհրդարանի այս բանաձևն ունի միայն խորհրդատվական բնույթ եւ պարտադիր կատարման ենթակա չէ։
Լուսանկարը՝ Հայաստանում ԵՄ դեսպանության մամուլի ծառայության
Մեկնաբանել