
Սիրո խոստովանություն՝ «Ոսկե ծիրանում». Լորա Գուերա
Մեծ կինոյի ականավոր վարպետ Տոնինո Գուերայի այրին՝ Լորա Գուերան, այսօր «Մոսկվա» կիրնոթատրոնի «Կարմիր դահլիճի» բեմից սիրո խոստովանություն արեց:
«Սերը երբեք չի մեռնում, և ես այս բեմից ուզում եմ ասել, որ սիրում եմ Տոնինոյին և միշտ կսիրեմ նրան»,- ասաց նա:
«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի շրջանակներում հարգանքի տուրք մատուցվեց կինոյի մեծ վարպետներ Միքելանջելո Անտոնիոնիի, Տոնինո Գուերայի և Թեոդորոս Անգելոպուլոսի հիշատակին, որին մասնակցելու համար հրավիրվել էին Գուերայի և Անգելոպուլոսի այրիները:
Լորա Գուերան հիշեցրեց այն սերը, որ հանգուցյալ ամուսինը տածում էր Հայաստանի հանդեպ: «Տոնինոն ասում էր, որ Հայաստանի հողը քիչ է, բայց այնտեղ ուղղահայաց ես ճանապարհորդում,- ասաց նա,- դա նշանակում է, որ արժևորվում է հոգևորը»:
Գուերայի այրին բոլոր ներկաներին մաղթեց, որ նրանք իրենց ժառանգներին փոխանցեն մեծ վարպետի այն սերը, որ նա ուներ Հայաստանի հանդեպ:
Մեծարման երեկոն բացվեց Գևորգ Դաբաղյանի դուդուկով, որից հետո փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի խնդրանքով բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին կինոյի վարպետների հիշատակը:
«Մեծ ցավ է «Ոսկե ծիրանի» և հայ ազգի համար, որ այս վարպետները չկան,- ասաց Խաչատրյանը,- բայց կա նրանց լուսավոր գործերն ու հիշատակը, որոնք երբեք չեն կորչի: Նրանք շատ մեծ հետք են թողել կինոյի պատմության մեջ այդ պատճառով նրանք միշտ կապրեն»:
Մեծարման երեկոն շարունակվեց մեծ վարպետների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմերով:
Մեկնաբանել