
Նորայր Ասլանյանի կալանքը փոխարինվեց 2 մլն դրամ գրավով
Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է 2 միլիոն դրամ գրավով։ Այս մասին «Հետքին» հայտնեց Ասլանյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Նա նշեց, որ դատարանի հիմնավորումներին ծանոթ չեն, քանի որ դեռ չեն ստացել որոշումը։
Նորայր Ասլանյանը մեղադրվում է հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության մեջ։ Այսօր գործով առաջին դատական նիստն էր, որը նախագահել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։ Արմեն Անդրիկյանը դատարանի մասին դրական կարծիք է կազմել՝ նշելով, որ օբյեկտիվ, արդար և անկողմնակալ էր։
Պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքը։ Նրանք ապացույցներ էին ներկայացրել նախաքննական մարմնին առ այն, որ Նորայր Ասլանյանի մոտ հայտնաբերված զենքը ապօրինի չէ։
Շուրջ կես տարվա կալանքից հետո դեկտեմբերի 15-ին դատարանը որոշել էր Ասլանյանի խափանման միջոցը փոխել տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Մեկնաբանել