
Բնապահպանության նախարարի «ներքին կանոնակարգը»
Հունիսի 25-ից 29-ը Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության 5 աշխատակից պետք է մասնակցեր Հունգարիայում բնապահպանական հանցանքների քննության վերաբերյալ ուսումնական դասընթացին: 5 հոգանոց ցուցակը տեսչությունը ներկայացրել է նախարար Արամ Հարությունյանի հաստատմանը, որից հետո այն պետք է ուղարկվեր ԱՄՆ դեսպանատուն, հաստատվեր այնտեղ, քանի որ ծրագիրը ֆինանսավորում էր դեսպանատունը:
ԱՄՆ դեսպանատունը «Հետքին» տեղեկացրեց, որ դեսպանատունն առաջարկել է բնապահպանական հանցանքների քննության վերաբերյալ ուսումնական դասընթաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համար, և դա մեկն էր այն կրթական փոխանակման ծրագրերից, որ ԱՄՆ կառավարությունը իրականացնում է ՀՀ իրավապահների հետ:
Ըստ տեսչության ցուցակի` Հունգարիա պետք է մեկնեին Բնապահպանական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը, Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հունանյանը, Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը, տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանը, Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակից Արթուր Բեգլարյանը:
Նախարարությունում «Հետքի» աղբյուրը պատմեց, որ նախարար Արամ Հարությունյանը այդ ցուցակում կատարել է 2 փոփոխություն` ցուցակից հանել է Բնապահպանական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանին և Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանին, նրանց փոխարեն մտցրել իր «մարդկանց»` իր անձնական վարորդի եղբորը` տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանին և Տեսչության Երևանի տարածքային բաժնի պետ Սամվել Շահգալդյանին: Վերջինս Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի եղբայրն է:
ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել նախարարի կամքով ցուցակում հայտնված հենց այդ երկու անձանց մասնակցությունը, և նախարարը որոշել է, որ եթե նրանք չեն գնալու, ուրեմն չեն գնա նաև մյուսները` չնայած այն հանգամանքին, որ դեսպանատունն արդեն գնել էր մասնակիցների ավիատոմսերը: Այդպիսով, աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը մեկնողների գործուղման հրամանները չի ստորագրել:
«Նախարարությունը ոչ մեկին չուղարկեց այդ դասընթացին»,- «Հետքին» հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը: Լրացուցիչ մանրամասների համար դեսպանատունը խորհուրդ է տվել դիմել Բնապահպանության նախարարություն:
Բնապահպանության նախարարությունը ոչ միայն չի պարզաբանել կատարվածը, այլև, ըստ էության, չի պատասխանել մեր հարցերին: Մենք նախարարին հարցրել էինք, թե ինչո՞ւ խումբը չի մեկնել Հունգարիա, ինչո՞ւ է նախարարը փոփոխություն կատարել մասնակիցների կազմում:
Ստացել ենք բառացիորեն հետևյալ պատասխանը, որը ստորագրել է աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը. «Ի պատասխան Ձեր N գրության տեղեկացնում եմ, որ նմանատիպ հարցերում որոշումներ կայացնելիս ՀՀ բնապահպանության նախարարությունում առաջնորդվում են գործող ներքին կանոնակարգով»: Թե ինչ կանոնակարգ է, ինչու է ներքին կանոնակարգը արգելում նախարարության աշխատակիցներին վերապատրաստվել, Է. Փիրումյանը չի մանրամասնել:
Իսկ հիմա փորձենք բացատրել, թե աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ի՞նչ նկատի ունի ներքին կանոնակարգ ասելով. այն, որ նախարարի մտերիմնե՞րը պետք է մեկնեն արտերկիր գործուղման: Նույն «ներքին կանոնակարգով» բարձր մակարդակով միջազգային հավաքներից մեկին նախարարը որպես պատվիրակության անդամ ընդգրկել էր իր կնոջը` Հասմիկ Աբգարյանին, ով գրանցված էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում: Այդ ընթացքում պատվիրակության հիմնական անդամներից մեկը, իր հիմնական գործառույթները թողած, ստիպված է եղել զբաղվել նախարարի կնոջը համապատասխան ընթացակարգերով գրանցելու հարցերով:
Նույն «ներքին կանոնակարգով» է որոշվում, թե մեր հարցումներից որի՞ն չպատասխանել օրենքով սահմանված ժամկետներում, կամ ինչու չպետք է արձագանքել նախարարության վերաբերյալ մեր հրապարակումներին: «Հետքը» առաջիկայում կներկայացնի բնապահպանության նախարարության «ներքին կանոնակարգի» մի շարք օրինակներ:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել