
Պեսկովի պնդմամբ՝ Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրսբերման մասին. Գրիգորյանը հակադարձում է
Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ հայկական կողմի որևէ որոշում։ Այդ մասին TACC-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են։
«Ինչ վերաբերում է Զվարթնոցի սահմանապահներին, ապա ինչ-որ որոշումներ, որքան հասկանում ենք, չեն եղել։ Եվ պաշտոնական խողովակներով ոչ ոք մեզ այդ որոշումները չի փոխանցել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, այդ թվում ԱՊՀ և ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- հայտարարել է Պեսկովը։
Այսօր խորհրդարանում Պեսկովի հայտարարությանն անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ Երևանը Մոսկվային տեղեկացրել է այդ մասին, իսկ հայկական կողմն ունի հստակ դիրքորոշում, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
«Ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանից դուրսբերման հարցը հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ պահել ենք։ Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ այժմ Ռուսաստանն ու Հայաստանն իրականացնում են «մի շարք կարևոր նախագծեր»: «Դրանք հետագայում էլ կշարունակենք», - հավելել է նա: Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների հատուկ բնույթը։
Պեսկովի կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, իսկ երկու երկրների միջև համագործակցությունը փոխշահավետ է։
«Ամենամոտ հարևաններն անգամ կարող են ունենալ մի ժամանակաշրջան, երբ հարաբերությունները կարող են լարված լինել, բայց այստեղ քաղաքական կամք է պահանջվում։ Մեր կողմից դա կա, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների առաջնորդների քաղաքական հեռատեսություն։ Մեր կողմից դա էլ կա։ Այդ պատճառով ես վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն։ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է»,- ասել է նա։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Ռուսաստանը թելադրողի դերում է որոշ երկրների հետ հարաբերություններում, Պեսկովը հայտարարել է, որ «Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ինչ-որ պայմաններ թելադրելուն ու կողմ միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն»։
«Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրենք։ Մենք կողմ ենք միասին աշխատելուն, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն։ Մենք վստահ ենք, որ մեր հայ գործընկերները ևս դա հասկանում են»,- եզրափակել է Պեսկովը։
Մեկնաբանել