
Թուրքիայի ԱԳՆ-ն ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները
Թուրքիայի ԱԳՆ-ն գտնում է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշումը անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ և չի բխում տարածաշրջանում կայունության շահերից: Այդ մասին ասված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Ցավում ենք ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի պատվիրակության մանդատը չհաստատելու որոշման կապակցությամբ։ Նման որոշումն անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և հակասում է ներկայացուցչության իրավունքին։ Ակնհայտ է, որ այս քայլը, որը նշանակում է երկխոսության ու համագործակցության համար ուղիների փակում, չի ծառայի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,- հայտարարել է թուրքական կողմը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ այդ երկիրը ԵԽԽՎ-ին կոչ է անում «որքան հնարավոր է շուտ ուղղել այդ սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ջանքերի ուղղությամբ»։
Հունվարի վերջին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում էր կայացվել չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Այս միջոցը հիմնավորվել է նրանով, որ Ադրբեջանը կազմակերպության ներկայացուցիչներին չի հրավիրել այդ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության: Բացի այդ, ԵԽԽՎ-ն Բաքվին մեղադրել էր ընդդիմությանը հետապնդելու և արցախահայության իրավունքները խախտելու մեջ։
Դեռ որոշման ընդունումից առաջ ադրբեջանական պատվիրակությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել էր երկակի ստանդարտներ կիրառելու և «Ադրբեջանում ընթացիկ ընտրական գործընթացին անհիմն միջամտելու» փորձի մեջ: Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել էր, որ «դադարեցնում է իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել