
Ալիևը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարվի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի և կազմակերպության այլ մեխանիզմների պաշտոնական լուծարման օգտին:
«Ադրբեջանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում մի շարք մեխանիզմների պաշտոնապես լուծարումը, որոնք անցյալի մասունքներ են, մասնավորապես այնպիսի բացարձակ չգործող կառույցների, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը»,- զրույցի մանրամասները ներկայացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ընդգծել է, որ ԵԱՀԿ բյուջեն կարող է օգտագործվել ավելի կարևոր նախագծերի համար:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, և Ադրբեջանն ապահովել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: «Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում»,- նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այդ խմբի եռանախագահներն էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
Լուսանկարում՝ Ալիևը խորհրդարանում իր երդմնակալության արարողությունից հետո տեղի ունեցած ելույթի ժամանակ, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն
Մեկնաբանել