
Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 17-ի ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) այսօրվա դրությամբ հաջողվել է ոչնչացնել ՀԱՄԱՍ խմբավորման 24 գումարտակներից 17-ը: Նման հայտարարությամբ Թել Ավիվում հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Նախ, պետք է հասնել ՀԱՄԱՍ-ի գումարտակների թվի կրճատմանը։ Այսօրվա դրությամբ մենք ոչնչացրել ենք 24 գումարտակից 17-ը։ Մնացած գումարտակների մեծ մասը գտնվում է Գազայի հատվածի հարավում և Ռաֆահում (քաղաք Եգիպտոսի հետ սահմանին՝ խմբ.), և մենք հոգ կտանենք նաև նրանց մասին»,- Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերել է i24 News առցանց պարբերականը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակում նշել էին, որ ՀԱՄԱՍ-ի շարքերում, Իսրայելի դեմ պատերազմի մեկնարկի պահին, կռվում էր 30 000 մարդ, որոնք բաշխված էին 5 բրիգադներում։ Դրանք էլ իրենց հերթին բաղկացած էին 24 գումարտակից կամ 140 վաշտից: Յուրաքանչյուր գումարտակում, ըստ իսրայելական կողմի, կար ավելի քան 1000 մարդ։
Նեթանյահուն հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի գումարտակների վերացումից հետո Իսրայելի զինվորականները պետք է «մաքրիչ գործողություններ» իրականացնեն։
«Երրորդ՝ անհրաժեշտ է չեզոքացնել ստորգետնյա թունելները, ինչը մեր ուժերը պարբերաբար անում են Խան Յունիսում և Գազայի հատվածի բոլոր մասերում, իսկ դա առավել շատ ժամանակ է պահանջում»,- շարունակել է Նեթանյահուն։
Նա հերթական անգամ ընդգծել է, որ Իսրայելը չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակների իրագործմանը, որոնց թվում են ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, գրոհայինների կողմից առևանգված բոլոր մարդկանց վերադարձը և «խոստման ստացումը, որ Գազայի հատվածն այլևս սպառնալիք չի ներկայացնի Իսրայելին»:
Լուսանկարը՝ Jacquelyn Martin/AFP via Getty Images
Մեկնաբանել