
Այսօր և վաղը մայրաքաղաքում կարմիր գծերն անվճար կլինեն․ Տիգրան Ավինյան
Ձյան տեղումներով պայմանավորված՝ Երևանի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հորդորելով ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
«Սիրելի՛ երևանցիներ,
հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները՝ հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում:
Քանի որ հնարավոր են մեքենաների կուտակումներ փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանզի կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»,- գրել է Ավինյանը:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/ ©«Հետք»
Մեկնաբանել