
Գազան հայտարարում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 25 հազարին
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 25 հազարին։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է պաղեստինյան այս անկլավի առողջապահության նախարարությունը։
«Անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 24 927-ի, իսկ վիրավորվել է 62 388 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին օրերին Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 165 մարդ, ևս առնվազն 280 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Զոհերի մի մասի մարմինները դեռ մնում են ավերված շենքերի փլատակների տակ և անկլավի ճանապարհներին, բժիշկներն ու փրկարարները դեռ չեն կարողանում հասնել դրանց:
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 240 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների գերեվարմամբ: Արմատականներն այդ հարձակումն անվանել էին պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին:
Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց պատասխան հարվածներ հասցնել, այդ թվում՝ Լիբանանի և Սիրիայի առանձին հատվածներին։ Ավելի ուշ Գազայի հատվածում Իսրայելը հայտարարեց ցամաքային գործողության մեկնարկի մասին: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։
Լուսանկարը՝ Hatem Ali/AP Photo
Մեկնաբանել