
Վկայի խոսքով՝ գումարտակի հրամանատարը հրամայել է շարունակել պաշտպանությունը, իսկ ինքը նահանջել է
Մեկ ժամ դատարանի միջանցքում սպասելուց հետո զոհվածների ծնողներին ու լրագրողներին նիստերի դահլիճ են հրավիրում։ Խուռհատի գործով վկան այսօր Ալբերտ Գասպարյանն է, որին մի քանի անգամ դատարանը կանչել է ցուցմունք տալու, սակայն վերջինս չի ներկայացել դատարան։
Նիստի մեկնարկին դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ ինչու վկան չէր ներկայանում։
«Չէի հարմարեցնում»,- ասաց վկան։
Դատավորը նշեց, որ առաջին հերթին Ալբերտն ինքը պետք է շահագրգռված լիներ գալ դատարան, քանի որ գործը վերաբերում է իրեն, իր համածառայակիցներին։
Ալբերտ Գասպարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի զինվոր էր։ Նա 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմ սկսվեց։ Ջրականից նահանջելուց հետո նորակոչիկների գումարտակը տեղակայվել է Հադրութում, ապա առաջադրանք ստացել տեղակայվել Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Մի շարք զինծառայողների ցուցմունքների համաձայն՝ իրենց վստահեցրել են, որ ապահով տեղ են տանում։ Հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները հարձակվել են Խուռհատ սարի վրա։ Ըստ գործում առկա տվյալների՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նորակոչիկներին միայնակ է թողել` պատճառաբանելով, որ վիրավոր է, և հեռացել։
Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։
Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ նահանջելով՝ զոհվել կամ գերեվարվել է։
Ալբերտը դատարանին հայտնեց, որ երբ թշնամին հարձակվել է, նորակոչիկների անձնակազմը վիրավորներ է ունեցել։ Ալբերտը օգնել է վիրավորներին սարից իջեցնել։ Ասում է՝ անձնակազմի գործողություններն այդ ընթացքում համակարգող չի եղել։
Հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը խնդրեց վկային բնութագրել՝ ինչպիսի՞ հրամանատար է եղել Վահանյանը։
-Նորմալ,- պատասխանեց վկան։
-Նորմալ, աննորմալ հասկացություն չկա ծառայության մեջ, կա պատասխանատու, կա քաջ,- նշեց դատավորը։
-Քաջ չէր,- նշեց Ալբերտ Գասպարյանը։
-Դուք՝ որպես զինծառայող կամ Ձեր համածառայակիցները նրա հրամանները կատարո՞ւմ էիք,- հարցրեց դատախազը։
-Մինչև Խուռհատ սարը բարձրանալը կատարում էինք։
Դատախազը հայտնեց, որ ըստ քրեական գործում առկա տվյալների՝ Իշխան Վահանյանն աջ ոտքի ազդրի հատվածում բեկորային վնասվածք է ստացել։
Վկան նշեց, որ գումարտակի հրամանատարին հարձակման ժամանակ մի պահ է տեսել, այդ ժամանակ նրա պահվածքում արտառոց բան չի նկատել, դրանից հետո նկատել է, որ հրամանատարն «Ուրալի» մեջ նստած գնում է։
Վկայի խոսքով՝ Վահանյանը եղել է դիմացը՝ վարորդի կողքին։
Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերից հետո Ալբերտն Իշխան Վահանյանին Սիսիանի հոսպիտալում է տեսել, ասում է՝ չեն զրուցել, միայն իրար որպիսությամբ են հետաքրքրվել։
Խուռհատից նահանջելուց հետո անձնակազմի մի մասը շարժվել է դեպի Վանք գյուղի ուղղությամբ։
«Ճանապարհին շրջափակման մեջ ընկնաք, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը զոհվեց, ես վիրավորվեցի»,- պատմում է վկան։
Այդ ժամանակ անձնակազմի հետ գումարտակից եղել է 100 հոգի, հարձակման ժամանակ բաժանվել են և տարբեր ուղղություններով գնացել։
«10-ից ավել էինք, վիրավորների հետ գնացինք տնակ, 2-ը զոհվեցին»,- ասում է նա։
Ալբերտը մեկ օր է մնացել Վանք գյուղի տանը. «Առավոտյան դուրս ենք եկել, հադրութեցի զինծառայակից ունեինք, որոշեցինք դեպի Ստեփանակերտ շարժվել, ինքն ուղղորդեց, ճանապարհին պայմանագրայինների ենք հանդիպել, հետո «Դուց»-ի զորքին հանդիպեցինք, իրենց հետ գնացինք»։
Ալբերտի խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել, որ Վանք գյուղի տներում էլի հայ զինծառայողներ են եղել։
Դատախազ Գևորգ Ավետիսյանը դատարանին հայտնեց, որ վկայի՝ նախաքննական և դատարանում տված ցուցմուքնում առկա են հակասություններ, և միջնորդեց հրապարակել այն։
Դատախազը նշեց, որ վկան հարցաքննվել է 2021թ. փետրվարին։ Այդ ժամանակ վկան ասել է, որ երբ ստացել են նահանջի հրաման, զբաղեցրած դիրքերից իջել են սարի ներքևի հատված։ Այդ ժամանակ Իշխան Վահանյանը իրեն ու գումարտակի այլ զինծառայողների հրամայել է բարձրանալ սարի վրա ու շարունակել պաշտպանությունը։ Ալբերտը ևս 30 զինծառայողների հետ կատարել է հրամանը։ Հետո նկատել է, որ Իշխան Վահանյանն իրենցից հետ է մնացել։ Ցուցմունքում Ալբերտը նշել է, որ իր կարծիքով Վահանյանը չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ։
«Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, բայց համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա։
Եվս մեկ հակասությունն այն էր, որ վկան նահանջելիս Վահանյանին տեսել է ոչ թե մեքենայի աջ կողմում նստած, այլ ղեկին։
«Տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է մեքենայի ղեկին, գործի դրել շարժիչը և միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»,- նախաքննական ցուցմունքում նշել է վկան։
«Ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմում նստած, թե ուր է գնացել, ես չգիտեմ»,- նշեց վկան։
Դատախազը ևս մեկ դրվագ ընթերցեց նախաքննական ցուցմունքից, որտեղ վկայի խոսքով՝ Վահանյանին 3 զինծառայողներ փորձել են կանգնեցնել, ցանկացել են նստել մեքենան, սակայն մեքենան չի կանգնել։
Ալբերտը հաստատեց, որ այդպես է եղել։
Դատավորն էլ հետաքրքրվեց՝ վիրավո՞ր էին այդ զինծառայողները, ինչին ի պատասխան՝ վկան նշեց, որ վիրավոր չէին։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին՝ ժամը 15։00-ին։
Մեկնաբանել