
Օդաչուների անկարգապահությունը՝ ավիապատահարների պատճառ
Շարունակում ենք ներկայացնել հայկական քաղավիացիային առնչվող պատահարները, որոնց ընթացքում ոչ միայն օդանավեր են ավերվել, այլեւ մարդիկ են զոհվել (նախորդ հոդվածները՝ այստեղ եւ այստեղ):
1938 թ. մարտի 10-ին Քաղաքացիական օդանավատորմի անդրկովկասյան վարչության (սրա կազմում էր ներառված հայկական քաղավիացիան) «Պ-5» ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-Л1950) Երեւանից ուղղություն վերցրեց դեպի Ապարան, որն այն ժամանակ գյուղ էր: Օդանավը պետք է 119 կգ բեռ նետեր Ապարանի մոտ՝ առանց վայրէջք կատարելու: Բացի օդաչուից՝ ինքնաթիռում էր նաեւ ավիատեխնիկը: Օդ բարձրանալով ներկայիս «Էրեբունի» օդանավակայանից՝ «Պ-5»-ը թռչում էր բավականին ցածր, այն էլ՝ ամբողջովին ձնածածկ, անհարթ տարածքի վրայով:
Թռիչքից 10 րոպե անց, երբ դեռ Երեւանի մոտ էր, «Պ-5»-ի անիվներն ու շարժիչի պտուտակը դիպան հողին, ինչի հետեւանքով պտուտակը կոտրվեց («Պ-5»-ը մեկ շարժիչով բիպլան է): Քթամասը՝ ներքեւ, պոչը՝ վերեւ վիճակում օդանավը գետնի վրա գնաց 55 մ ու գլխիվայր շրջվեց: Չնայած «Պ-5»-ն ամբողջովին դուրս եկավ շարքից, օդաչուն ու ավիատեխնիկը ողջ մնացին:
Հետաքննության եզրակացությունն այն էր, որ օդաչուն անկարգապահություն է դրսեւորել՝ ցածր թռիչք կատարելով անհարթ ու ձնածածկ մակերեւույթի վրայով, ինչի պատճառով ճիշտ չի գնահատել թռիչքի բարձրությունն ու թույլ է տվել բախում գետնի հետ:
1938-ին Քաղաքացիական օդանավատորմի անդրկովկասյան վարչության փոխարեն ձեւավորվեցին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առանձին ավիացիոն միավորումները, որոնք անմիջապես ենթարկվում էին միութենական կենտրոնական մարմնին՝ Քաղաքացիական օդանավատորմի գլխավոր վարչությանը (Մոսկվա): Հայաստանում ձեւավորվեց Հայկական առանձին ավիաջոկատը:
1941 թ. հունիսի 14-ին Հայկական առանձին ավիաջոկատի «Պ-5» ինքնաթիռը (СССР-Л2986 գրանցումով) վատ եղանակային պայմաններում բախվեց սարին եւ ավերվեց, սակայն օդաչուն կենդանի մնաց: Այս վթարի մասին շատ մանրամասներ հայտնի չեն:
Սրանից 2 ամիս անց՝ օգոստոսի 18-ին, հայկական ստորաբաժանումը մեկ այլ օդանավ կորցրեց, բայց նաեւ զոհ եղավ:
СССР-К398 գրանցումով «Ս-2» ինքնաթիռը («Ու-2»-ի մոդիֆիկացիներից է՝ նախատեսված սանավիացիայի համար) Երեւանից ավիատեխնիկի հետ պետք է մեկներ Սեւան (մինչեւ 1935 թ. կոչվում էր Ելենովկա)՝ տեղի ռադիոկայանի շարժիչները վերանորոգելու: Օդանավը Երեւանից թռավ 8:10-ին: Սեւանում օդաչուն իջեցրեց ավիատեխնիկին եւ անջատեց ինքնաթիռի շարժիչը, քանի որ հետադարձ թռիչքը նախատեսված էր ժամը 11-ին: 10:30-ին նրանք երկուսով վերադարձան օդանավի մոտ: Օդաչուն դիտարկեց ինքնաթիռը եւ գործարկեց շարժիչը: 10:50-ին «Ս-2»-ը օդ բարձրացավ: 25-35 մ բարձրության վրա ինքնաթիռը մարտական շրջադարձ կատարեց (այսպես է կոչվում շրջադարձը, որը կատարվում է 180 աստիճանով եւ բարձրություն հավաքելով): Սակայն շրջադարձի ժամանակ օդանավը կորցրեց արագությունն ու, ձախ կողմի վրա թեքվելով, սկսեց անկումը քթի վրա: Օդաչուն անջատեց շարժիչը: «Ս-2»-ը քթով բախվեց գետնին ու ավերվեց: Օդաչուն ծանր վիրավորվեց եւ 4,5 ժամ անց մահացավ Երեւանի հիվանդանոցում. վիրահատությունը չփրկեց նրա կյանքը: Նշվում է, որ Սեւան-Երեւան թռիչքի ժամանակ ինքնաթիռում եղել է միայն օդաչուն: Ըստ էության, ավիատեխնիկը մնացել էր Սեւանում:
Հետաքննության եզրակացության տվյալներով՝ աղետի հիմնական պատճառը եղել է օդաչուի անկարգապահ վարքագիծը, որը կոպտորեն խախտել է թռիչքային ծառայության հրահանգներն ու չի կատարել ավիաջոկատի հրամանատարի ցուցումները: Ըստ այդմ՝ հրամանատարն այս պատահարից առաջ ամբողջ թռիչքային անձնակազմին զգուշացրել էր, որ թռիչքներ կատարեն՝ հետեւելով թռիչքային եւ աերոդրոմային ծառայության պահանջներին, ինչը, սակայն, «Ս-2»-ի օդաչուն չի արել՝ հանգեցնելով ավիաաղետի:
Լուսանկարում՝ «Ս-2» տիպի ինքնաթիռ. այն իր ֆյուզելաժում ունի պատգարակով հիվանդ տեղավորելու առանձին հատված, լուսանկարի աղբյուրը՝ gelio.livejournal.com
Մեկնաբանել