
Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջադրում է բնապահպանության նախկին նախարարի թեկնածությունը
Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախկին նախարար Մուրաթ Քուրումը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կպայքարի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից նրա թեկնածության առաջադրման մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ստամբուլի քաղաքապետի մեր թեկնածուն Մուրաթ Քուրումն է»,- հայտարարել է Էրդողանը՝ ներկայացնելով 11 քաղաքներում ու 25 մունիցիպալիտետներում կուսակցության թեկնածուներին։
47-ամյա Քուրումը Թուրքիայի բնապահպանության նախարարությունը ղեկավարում էր 2018-2023 թվականներին։ Նախորդ տարվա մայիսին նա ընտրվել էր թուրքական խորհրդարանի անդամ՝ ղեկավարելով բնապահպանության հարցերով հանձնաժողովը։
Մարտի 31-ի ընտրություններում հիմնական դիմակայությունը, ինչպես սպասվում է, կծավալվի Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետների պաշտոնների համար: Էրդողանի կուսակցությունը մտադիր է նրանց դեմ ռևանշի հասնել 2019 թվականի ընտրությունների համար, երբ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հաղթեց Թուրքիայի խոշորագույն քաղաքում և մայրաքաղաքում:
Ստամբուլի ու Անկարայի գործող քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն ու Մանսուր Յավաշը դարձյալ մտադիր են մասնակցել ընտրություններին։
Անկարայի քաղաքապետի թեկնածուի անունը Էրդողանը մտադիր է հայտարարել հունվարի 15-ին։ Այդ ժամանակ կհրապարակվի նաև իշխող կուսակցության նախընտրական ծրագիրը։
Լուսանկարը՝ DHA Photo-ի
Մեկնաբանել