
Արամ Հարությունյանը հարստանում է ու հարստանում
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված եւ ամենաշատ քննադատված նախարարներից է: «Հետքը» պարբերաբար անդրադարձել է Արամ Հարությունյանի եկամուտներին, սակայն այդպես էլ պատկան մարմիններն ուշադրության չեն արժանացրել նախարարի գործունեության, երբեմն էլ շահերի բախման արդյունքում կուտակած հարստության վրա:
Օրինակ` Եղվարդի ճանապարհաշինարարական ԲԲԸ-ի գլխավոր բաժնետերը նախարարն է եւ այդ ընկերությունն էլ սպասարկում է Եղվարդի ճանապարհները: Արդյո՞ք նախարարը առողջ մրցակցության արդյունքում է շահել մրցույթը եւ չի օգտագործել պաշտոնական դիրքը անձնական նպատակներով, կարող է եզրակացնել յուրաքանչյուրը: Ավելին, այդ ընկերությունը 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում աշխատել է զգալի եկամտաբերությամբ, ինչն անձամբ հաստատել է նախարարը:
Հրապարակում ենք Արամ Հարությունյանի տարբեր տարիների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալները ցույց տալու համար, որ պաշտոնավարման տարիներին նախարարը ծաղկեցրել է անձնական բիզնեսն ու զգալի ֆինանսական միջոցներ կուտակել` փոխարենը մեծացնելով իր ղեկավարած ոլորտի նկատմամբ հասարակության դժգոհությունը:
2008 թ. Արամ Հարությունյանի եկամուտը միայն աշխատավարձն է եղել` 2 մլն 906 հազ 178 դրամ: 2009թ. Արամ Հարությունյանը ձեռք է բերել 3 շենք-շինություն, իսկ եկամուտը կազմել է 131 մլն 61 հազար 616 դրամ: 2010-ին նախարարը հայտարարագրել է 103 մլն 250 հազ. 403 դրամ եկամուտ:
Արամ Հարությունյանի համար պակաս եկամտաբեր չի եղել նաեւ 2011թվականը: Այդ տարի նախարարն ունեցել է 120 մլն դրամ հանձնված կամ ստացված փոխառություն:
Որպես դրամական միջոց` ունեցել է 65 մլն 400 հազար դրամ, 641 հազար 226 դոլար եւ 11 հազար 309 եվրո: Եկամուտները կազմել են 102 մլն 102 հազար 823 դրամ, որից 2 մլն 848 հազար 703 դրամը նախարարի աշխատավարձն է, 15 մլն 750 հազար դրամ վարձավճարը եւ երկու շահաբաժիններից ստացած եկամուտը` 21 մլն եւ 44 մլն դրամ, ինչպես նաեւ 18 մլն 504 հազար 120 դրամ ավանդից ստացած տոկոսավճար:
Ուշադրության է արժանի նախարարի 18 մլն 504 հազար 120 դրամ ավանդից ստացած տոկոսավճարը: Եթե այդքան գումար ստացել է միայն մեկ տարվա տոկոսավճարից, ապա կարելի է պատկերացնել, թե որքան է կազմում նախարարին միլիոնների եկամուտ ապահովող մայր գումարը:
Արամ Հարությունյանի եկամուտներն ու դրամական միջոցները` ըստ տարիների |
||||
Արժույթ |
2008թ. |
2009թ. |
2010թ. |
2011թ. |
Դրամ |
2.906.178 |
131.061.616 |
103.250.403 |
102.102.823 |
Դոլար |
---- |
---- |
---- |
641.226 |
Եվրո |
---- |
---- |
---- |
11.309 |
Ավելի համեստ են Արամ Հարությունյանի կնոջ` Հասմիկ Աբգարյանի դրամական միջոցները` ընդամենը 3 մլն 100 հազար դրամ: Նա ունեցել է նաեւ 5 մլն 814 հազար դրամի եկամուտ, որից 814 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 մլն դրամը` վարձավճարից ստացած գումարը:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել