
Ամեն ինչ նախապես որոշված էր․ «Փյունիկը»՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ակումբը հայտարարել է, որ կշարունակի պայքարը հայկական ֆուտբոլում։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ընկերներ,
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ անցնող տարվա վերջին շաբաթներին մեզ հետ կիսեցիք հայկական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ունեցած ապրումները: Մենք միասին հարցեր էինք տալիս, փաստերով քննարկում ֆեդերացիայի գործող ղեկավարության թերացումները, անում էինք հայտարարություններ և անտարբեր չէինք։
Մենք ուրախ ենք` վերջնական արդյունքում հույս ձեռք բերեցինք` ի դեմս Արաս Օզբիլիզի, որին աջակցել է ոչ միայն ֆուտբոլային հանրության մեծ մասը, այլև ամբողջ աշխարհում հայտնի հայ մարզիկները, ինչպիսիք են` Հենրիխ Մխիթարյանը, Կարեն Խաչանովը և Լևոն Արոնյանը, մարդիկ, ովքեր առաջին ձեռքից գիտեն, թե որքան կարևոր է երկրի համար պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչպես նաև ուժեղ ու պատասխանատու ֆեդերացիա ունենալը:
Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր։ Ընտրությունները վերածվել են աթոռակռվի: Քվեարկության արդյունքները մեզ համար անակնկալ չեն։ Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը, հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին։
Բայց վերջին շաբաթները մեզ վստահություն տվեցին, որ միասին կարող ենք ազդել ապագայի վրա և հայկական ֆուտբոլը վերադարձնել զարգացման ու առաջընթացի ուղի: Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պայքարը մեր երկրի ամենասիրված մարզաձևում` մաքրություն հաստատելու և բարգավաճում ապահովելու համար: Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս` հայկական ֆուտբոլը արժանի մակարդակին վերադարձնելու համար:
Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, և մենք այս մեծ ընտանիքի մի մասն ենք»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Արմեն Մելիքբեկյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում վերընտրվել էր ՀՖՖ նախագահի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցած 23 անդամներից 20-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, 3-ը` Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի օգտին։
Արդյունքների ամփոփումից հետո Արմեն Մելիքբեկյանը անդրադարձել էր 3 դեմ ձայներին՝ խոսելով երկու ակումբների հետ առկա կոնֆլիկտի մասին։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գալիք ամիսներին, տարիների, օրերին մշտապես պատրաստ է լինելու համագործակցել բոլոր ակումբների հետ, պահպանել հավասարության սկզբունքները։ Ուղղակի մենք կցանկանայինք որոշակի քայլեր տեսնել նաև երկու ակումբների կողմից»,- նշել էր ՀՖՖ նախագահը։
Մեկնաբանել