
Ավետիք Չալաբյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման․ պաշտպան
«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման (չշփոթել ազատազրկման հետ), որից հաշվանցվեց կալանքի կիրառման ժամանակահատվածը 1 տարի 11 ամիս, ըստ որի՝ նրան արգելվեց կազմակերպել և մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումներրի, ինչպես նաև փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի տեղեկության։ Հայտնում է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Դատավճիռը այսօր հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
«Սկզբից մինչև վերջ քաղաքական հետապնդում հանդիսացող այս գործով կայացված դատավճռով սահմանված պատժատեսակը բավականին խոսուն է: Դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է Վարազդատ Հարությունյանը։
Ավետիք Չալաբյանը մեղադրվում էր անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ:
Մեկնաբանել