
«Հենց բանակի շնորհիվ է նաեւ, որ շատ օլիգարխների թիկնազորներ այսօր շատ հզոր են»
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու հայտարարությունը PR ակցիա էր եւ շատ նման էր Մաշտոցի պուրակի PR ակցիային, ու կրկնվող տարրեր կային:
Ըստ Արմեն Բադալյանի` «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի հենց առաջին օրը Ռուբեն Հայրապետյանը պետք է դատապարտող հայտարարություններով հանդես գար եւ որպես պատգամավոր, անկախ կուսակցության արձագանքից, պետք է անմիջապես ընտրողների հետ հանդիպեր, ներկայացներ իրավիճակը եւ բացատրելուց հետո ներողություն խնդրեր, որ հայտնի պատճառներով չի կարող քաղաքականությամբ զբաղվել եւ վայր է դնում մանդատը: Դրանից հետո միայն Ռուբեն Հայրապետյանը պետք է գնար նախագահական:
«Իհարկե, ընտրողների մի մասը կասեին, որ դու մեղավոր չես, քո թիկնազորն է արել եւ այլն, դա խնդիր չէր կպատրաստվեր, բայց կստեղծվեր այնպիսի խնդիր, որ Հանրապետական կուսակցությունը հաշվի է նստում ընտրողների հետ, նրանց կարծիքը մեծ նշանակություն ունի: Թեեւ կարող էին էլի չհավատալ այդ քայլին, բայց ավելի արժանահավատ կլիներ, քան այն, որ Ռուբեն Հայրապետյանը գնաց նախագահական, ցույց տվեցին նրա հանդիպումը նախագահի հետ, նրանց անմիջական խոսակցությունը եւ այլն: Դուրս է գալիս, որ պատգամավորի համար նախագահի խոսքն ավելի կարեւոր է, քան իրեն ընտրած 10-20 հազար մարդու խոսքը»,- ասաց Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ինչպես Մաշտոցի պուրակի, այնպես էլ այս RP ակցիան «լավ կազմակերպված» չէր: Սակայն PR-ից բացի այստեղ այլ հանգամանքներ էլ կային, որ ստիպեց Ռուբեն Հայրապետյանին վայր դնել մանդատը:
«Բանակի սպա է սպանվել, մենք չգիտենք՝ ոչ թե շտաբում նստած գեներալները, այլ այն սպաները, որոնք մարտական գործողությունների են մասնակցել ու օլիգարխ չեն, նրանց մոտ ինչ տրամադրվածություն էր: Գուցե խնդիր կար, որ բանակի դժգոհությունն ավելի ծանրակշիռ էր, քան մի պատգամավորի մանդատի հարցը»,- ավելացրեց Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով` Հայրապետյանի մանդատից հրաժարվելը պայմանավորված էր նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայաստանյան այցով: «Սակայն միանշանակ է, որ այստեղ բարոյականության հարց չկար: Այնպես չէ, որ մարդիկ բողոքեցին եւ Հանրապետական կուսակցության ղեկավար գործիչներից մեկը բարոյական վնաս զգաց եւ հրաժարական տվեց, սա իրականությանը չի համապատասխանում»,- ավելացրեց քաղտեխնոլոգը:
Նրա կարծիքով՝ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպը քաղաքական դաշտում ցնցում չի առաջացնի եւ ուժերի վերադասավորում չի լինի եւ ծանր հետեւանքների չի բերի: «Սա էլ կանցնի կգնա, ինչպես մոռացվել են նմանատիպ այլ դեպքեր»,- ավելացրեց Ա. Բադալյանը:
Արմեն Բադալյանը նաեւ հիշեցրեց, որ օլիգարխների թիկնազորների հզորացման մեջ իր «մեղքի բաժինը» ունի նաեւ բանակը: «Չմոռանանք, որ 2008 թ. մարտի 1-ին Պռոշյան-Լեո խաչմերուկում օլիգարխների թիկնազորի հետ բանակը բարիկադի նույն կողմում էր, եւ հենց բանակի շնորհիվ է նաեւ, որ շատ օլիգարխների թիկնազորներ այսօր շատ հզոր են»,- ասաց Արմեն Բադալյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել