
Հրահանգված զղջման անկեղծությունը կամ հասարակության պյուռոսյան հաղթանակը
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը` հանդես գալով իր որոշման դրդապատճառների մասին առավել քան զգացմունքային, հուզիչ, մարդկային հայտարարությամբ: Սակայն ապրել ողբերգությունը՝ դեռ չի նշանակում ընկալել ունեցած իրավական կամ բարոյական պատասխանատվության բեռը: Թեև հայտարարության տեքստն ամբողջությամբ կառուցված էր հենց պատասխանատվության գիտակցման տրամաբանությամբ, սակայն ոչ անցած օրերին, ոչ էլ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո նա դա առարկայաբար ոչնչով չապացուցեց:
Արդյոք կարելի՞ է համարել, որ իր հրաժարականով Ռուբեն Հայրապետյանը ստանձնեց այդ պատասխանատվությունը: Քաղաքացիական ակտիվիստները, ովքեր բողոքի ու ընդվզման ակցիաներ էին կազմակերպում անցած օրերին ու պատրաստվում էին այսօր դա շարունակել ԱԺ-ի դարպասների մոտ, նրանից հենց դա էին պահանջում: Թե ֆորմալ և թե բովանդակային առումով ԱԺ այլևս նախկին պատգամավորը կատարեց այդ պահանջը, և փաստացի նա այլևս ոչ մի խնդիր հասարակության հետ չունի, որովհետև բողոքող այդ հանրույթն էր կարծես իր վրա վերցրել հասարակության անունից հանդես գալու պարտականությունը: Այդ դեպքում ինչու՞ մանդատից հրաժարվելու նրա հայտարարությունից հետո չկա թեկուզ փոքր, թեկուզ կորստյան ցավով համեմված բավարարվածության զգացումը: Հայրապետյանի հայտարարությունը բոլորի մոտ ավելի շատ դատարկության, փակուղու, քան հաղթանակի զգացողություն առաջացրեց: Սա պյուռոսյան հաղթանակ էր, որը կարող է ընդամենը հանրության այդ փոքր խմբի ինքնաարդարացմանը ծառայել:
Սեփական պատասխանատվությունն անկեղծորեն, մարդկայնորեն խորապես գիտակցող անհատը երբեք, անգամ նման փոքր` մանդատից հրաժարվելու քայլին չպետք է դիմեր նախագահական նստավայր գնալուց ու գուցե նախագահից համապատասխան հրահանգ ստանալուց հետո: Դա արժեզրկում է կատարված քայլի բարոյական նշանակությունը և կեղծավորության ու քաղաքական դիվիդենտներ շահելու էլեմենտներ է պարունակում: Մանդատից հրաժարվելու, այսինքն՝ ֆորմալ առումով հասարակության պահանջը կատարելու` առաջին հայացքից առաքինի այս քայլը վերածվեց խղճուկ ֆարսի, որի նպատակը անգամ այս ողբերգությունից նախագահի «ռեյտինգի» բարձրացում քամելն էր: Հայրապետյանը և նախագահը պարզապես ապացուցեցին, որ պատգամավորը և նրա կատեգորիայի մարդիկ ոչ հասարակության, ոչ էլ օրենքի առջև իրենց պատասխանատու չեն զգում: Նրանք պատասխանատու են ընդամենը մեկ սուբյեկտի, ընդամենը մեկ կոնկրետ անձի` գործող նախագահի առջև և պատրաստ են շարժվել այնպես, ինչպես վերջինս կհանձնարարի: Սա հանձնարարված պատասխանատվության ստանձնում էր:
Մինչև Ավանի ընտրատարածքից մեծամասնականով առաջադրվելը, նա մի քանի անգամ հրաժարվեց, հետո ցանկություն հայտնեց առաջադրվելու: Ռուբեն Հայրապետյանը երբեք պատգամավոր դառնալու ցանկությամբ չի այրվել: Դա նրան ոչինչ չէր տալիս. անցել են այն ժամանակները, երբ մանդատը անձեռնմխելիության երաշխիք էր: Հայրապետյանը երբեք չի եղել օրինակելի պատգամավոր, ու ինքն է խոստովանել, որ պառլամենտն իր տեղը չէ: Գնալով այդ փոքր հանրույթի պահանջին ընդառաջ` Հայրապետյանն ընդամենը ԱԺ-ից ազատագրեց իրեն, իրեն փրկեց կոճակ սեղմելու նվաստացուցիչ պարտականությունից, որովհետև դա միակ բանն էր, որ ԱԺ-ում կարողանում էր անել հյուր եկած ժամանակ: Իրականում այդ հանրույթը Հայրապետյանին ամենահեշտ ճանապարհը ցույց տվեց թե խորհրդարանի կապանքներից ու թե այդ սպանության համար ունեցած պատասխանատվությունից խուսափելու համար: Հիմա ոչ ոք նրանից ավելին չի պահանջելու, անգամ նրանք, ովքեր հենց մանդատից զրկելու մեջ էին տեսնում Հայրապետյանի իրական պատիժը: Այդ պահանջը փրկօղակ էր նաև երկրի նախագահի համար, ով հորդորեց Հայրապետյանին հրաժարվել մանդատից, բայց պահպանեց իր հավատարիմ մարդկանցից մեկին: Նա այս կրակոցով երկու թիրախ խոցեց. և ոչխարներն են տեղը, և գայլերը՝ կուշտ:
Բոլորի համար գուցե աննկատ մնաց, բայց իր հայտարարությամբ Հայրապետյանը պարզորոշ ցույց տվեց, թե հարուցված քրեական գործն ինչ ուղղությամբ է գնալու, և ինքը դրանում ինչ կարգավիճակով է ներգրավված լինելու: Նա պարզապես ասաց, որ ծեծի ժամանակ «Հարսնաքարում» չի եղել. եթե լիներ, կբռներ ծեծողների ձեռքերը: Նախորդ օրն էլ ոստիկանապետը հստակ հայտարարեց, որ Վահե Ավետյանին ծեծելով սպանած հանցագործների գործողություններն ընդամենը հիմարության և անդաստիարակության արդյունք են եղել: Ու մենք բոլորս շուտով ականատեսներն ենք լինելու ընդամենը սովորական հիմարության ու անդաստիարակության զոհերի, այլ ոչ թե մարդ ծեծելու, ահաբեկելու համար վարժեցված գազանների դատապարտման: Ու ստացվելու է այնպես, որ Վահե Ավետյանը, նրանից առաջ օլիգարխիկ քմահաճույքների համար կյանքով հատուցած քաղաքացիները պարզապես եղել են սովորական հիմարության ու սովորական անդաստիարակության զոհեր: Նախաքննությունն իրականացնող մարմնին մնում է ընդամենը ապացուցել, որ Հայրապետյանն այնտեղ չի եղել, որն այնքան էլ բարդ չի լինի: Գուցե իսկապես էլ այդ պահին նա ռեստորանում չի եղել: Սակայն հնարավո՞ր է, որ առանց նրա տված անձեռնմխելիության երաշխիքների՝ անգամ հաստավիզ, բայց լիարժեք կամակատար մսագործներն իրենց նման դաժանության իրավունք վերապահեին...
Հայաստանում պատժի ինստիտուտը չի աշխատում, և դա առանձնահատուկ կերպով դրսևորվում է հատկապես պաշտոնատար անձանց կամ նրանց յուրայինների կողմից մարդ ծեծելու պարագայում: 2004 թ. որդու՝ երևանյան սրճարաններից մեկում մի ծեծկռտուքի մասնակցելու պատճառով ինքնակամ հրաժարական տվեց քաղաքաշինության նախարար Արա Արամյանը: 8 տարի անց նա պատգամավոր դարձավ ԲՀԿ-ի ցուցակով: Արամյանը, թերևս, միակն էր նման իրավիճակում հայտնված պաշտոնյաներից, ով իսկապես բարոյական պատասխանատվության գիտակցում ունեցավ: 2010 թ., կրկին նախագահի հետ խորհրդակցությունից հետո, հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` նախագահի աշխատակազմի աշխատակցին առևանգելու և ծեծելու համար: Ընդամենը մեկուկես տարի պահանջվեց, որպեսզի նա ոչ միայն վերադառնա, այլև իշխող կուսակցության ցուցակով պատգամավոր դառնա, իսկ հետո զբաղեցնի կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնը:
Բոլորը վերադառնում են. հարցն այն է` արդյո՞ք վերադառնում են քավարանն անցնելուց հետո, թե՞ այն վստահությամբ, որ բավարար չափով հավատարմությունն ու նվիրվածությունն ապացուցելու դեպքում վերադարձը լինելու է երաշխավորված: Բաց դռները դրդում են այդ մարդկանց մտածել ոչ թե սեփական պատասխանատվության մասին, այլ ավելի արագ վերադառնալու: Իսկ դա բարոյականության, անկեղծ զղջման հետ ոչ մի կապ չունի:
Նախագահի հետ Հայրապետյանի հանդիպումը գրեթե համոզում է, որ նրան, ամենայն հավանականությամբ, հետադարձի տոմսն արդեն տրվել է. ողջ հարցն այն է` երբ և ինչպես դա տեղի կունենա...
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել