
Որքա՞ն գումար ունեն Վճռաբեկ դատարանի նախագահն ու ընտանիքի անդամները
Ի՞նչ են ասում պաշտոնական թվերը
«Մենք ազատվելու ենք բոլոր այն դատավորներից, ովքեր զբաղված են ձեռնարկատիրական գործունեությամբ: Ինչ վերաբերում է բիզնեսի վերաբերյալ տեղեկատվությանը, ապա բոլոր դատավորները հարկային հայտարարագրեր են ներկայացնում, եւ եթե դուք այդ հայտարարագրերում գտնեք, որ որեւէ մի դատավոր, որը բիզնես ունի, չեմ կարծում, որ այդպիսին կլինի»,- այս մասին դեռեւս 2009թ. ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Մի առիթով Վճռաբեկի նախագահին հիշեցրել էինք իր իսկ խոսքերը, սակայն ապարդյուն. այդպես էլ արձագանք չեղավ:
Այն, որ որոշ դատավորների անվան հետ են կապվում բիզնեսներ, մամուլը բազմիցս գրել է, սակայն, հետեւելով Արման Մկրտումյանի խորհրդին, այժմ ներկայացնում ենք նրա գույքի եւ եկամուտների հայտարարագրերը:
Դեռեւս 2005 թ., երբ Ա. Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահն էր, հայտարարագրել էր ընդամենը 3 մլն 729 հազար 569 դրամ:
2008 թ. հայտարարագրել է իր աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող գումար` 58 մլն 922 հազար 199 դրամ եւ 1208 եվրո: «Հետքը» սրան անդրադարձել էր, սակայն Վճռաբեկի նախագահը այդպես էլ չպարզաբանեց, թե իրեն որտեղից այդքան գումար:
2011թ. Արման Մկրտումյանը հայտարարագրել է միայն դրամային եկամուտներ: Ըստ հայտարարագրի՝ այդ տարի նա անշարժ գույքի հետ կապված ոչ մի գործարք չի կատարել: Արման Մկրտումյանը 2011թ. ստացել է 16 մլն 480 հազար 806 դրամի եկամուտ, որից 10 մլն 718 հազար 982 դրամը աշխատավարձն է, 231 հազար 143 դրամը՝ ժամավճարից ստացած եկամուտը, իսկ 5 մլն 530 հազար 681 դրամը` ավանդից ստացած տոկոսավճարը:
Նույն տարում Արման Մկրտումյանի դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 185 հազար 790 դոլար:
Արման Մկրտումյանի եկամուտներն` ըստ տարիների |
|||
Արժույթ |
2005թ. |
2008թ. |
2011թ. |
Դրամ |
3.729.569 |
58.922.199 |
3.000.000 |
Դոլար |
---- |
---- |
185.790 |
Եվրո |
---- |
1208 |
---- |
Վճռաբեկ դատարանի նախագահի կինը` Մարինե Մկրտումյանը, նույնպես 2011թ. անշարժ գույքի հետ կապված գործարքներ չի կատարել: Նա ունեցել է 60 հազար 256 դրամի եկամուտ, որը ստացել է ժամավճարից եւ 40 հազար ԱՄՆ դոլար:
Անհասկանալի է, թե մոտ 60 հազար դրամ եկամուտ ունեցող Մարինե Մկրտումյանն ինչպես է հասցրել կուտակել 40 հազար դոլար:
Արման Մկրտումյանը նաեւ հայտարարագրել է իր հետ ապրող մոր` Լաուրա Մեսրոպյանի եկամուտները: 2011 թվականին վերջինս ունեցել է ընդամենը 544 հազար 608 դրամի եկամուտ, որը գոյացել է կենսաթոշակից, սակայն նույն սկզբունքով Լաուրա Մեսրոպյանի ունեցած դրամական միջոցները մի քանի անգամ ավել են ստացած եկամտից` 4 մլն դրամ:
Զգալի ֆինանսական միջոցներ ունեն նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի զավակները: Աղջիկը` Լաուրա Մկրտումյանը, հայտարարագրել է ավանդի տոկոսավճարից ստացած եկամուտը` 316 հազար 130 դրամ, սակայն որպես դրամական միջոց նա ունի մոտ 15 հազար 419 եվրո:
Նույնը նաեւ որդու` Գոռ Մկրտումյանի պարագայում է: Նա նույնպես բանկում ավանդ ունի եւ 2011 թվականին ստացել է մոտ 111 հազար 826 հազար դրամի եկամուտ, սակայն եկամուտը մի քանի անգամ գերազանցող դրամական միջոց է հայտարարագրել` մոտ 8 հազար 127 եվրո:
Դժվար է ասել` որտեղի՞ց են գոյանում Մկրտումյանների եկամուտները, եթե նրանք ոչ բիզնես ունեն, ոչ էլ կողմնակի այլ եկամուտ:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել