
Թուրքիան ուսումնասիրել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը. Հաքան Ֆիդան
Թուրքիան կարծում է, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցում որոշումները պետք է լինեն հավաքական։ Այդ մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք քննարկել ենք Իսրայելի հետ հարաբերությունների խզման հարցը, սակայն կարծում ենք, որ դա պետք է հավաքական որոշում լինի, այդ թվում՝ մուսուլմանական մյուս երկրների մասնակցությամբ»,- նշել է թուրք նախարարը։
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան համաձայն չէ ԱՄՆ-ի՝ Իսրայելին բացարձակ աջակցության դիրքորոշման հետ։ «Մենք համաձայն չենք Վաշինգտոնի հետ Իսրայելին նրա բացարձակ աջակցության և մշտական հրադադարից հրաժարվելու հարցում։ Եթե Իսրայելին ամերիկյան աջակցությունը շարունակվի շարունակական սպանություններով ու ռմբակոծություններով, ապա դա գլոբալ ճգնաժամ կստեղծի»,- ընդգծել է Ֆիդանը։
Անդրադառնալով հետպատերազմական Գազային՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարան հրաժարվում է խոսել Գազայի հատվածում հետպատերազմական իրավիճակի մասին, քանի դեռ հրադադարի ռեժիմ չի հաստատվել։ Ֆիդանը ՀԱՄԱՍ-ին անվանել է «ազատագրական շարժում, որը կլինի պաղեստինյան կազմակերպություններից մեկը, երբ ավարտվի բռնազավթումը»։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել