
Թեղուտում կրքերը հանդարտվել են (վիդեո)
«Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատողների և Թեղուտ գյուղի երիտասարդների բախումից անցել է 2,5 ամիս: Թեղուտում կրքերը հանդարտվել են. «Ջահելությունը խելոքացել ա, աշխատում են ամենքն իրանց համար: Հա, դե գիտես ինչ կա, միջոց չկա, ապրելու ձև չկա»,- ասաց գյուղամիջում նստած թեղուտեցի Արտաշը:
«Ինձ այլևս հետաքրքիր չի. իմ երեխեն վեր է կացել, սաղ սլամաթ եկել ա ինձ հասել: Տղայիս բուժումը «Թեղուտ» ՓԲԸ-ի միջոցներով եղավ»,- ասաց Ալվարդ Շախկյանը, ում տղայի` Հրաչիկ Ղորխմազյանի ոտքը կռվի ժամանակ կոտրել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատողները: Ալվարդ Շախկյանն ասաց, որ կռվից հետո անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին և ծառայության աշխատակից Արթուր Գիգոլյանին գյուղում չի տեսել. «Իմ գիտենալով նրանք չեն աշխատում: Ընկերությունը բարիացել ա գյուղացիների նկատմամբ: Ծեծողներն էլ եկել ներողություն են խնդրել»:
Միջադեպի մասին խուսափեց մեզ հետ խոսել Ալվարդի որդին`Հրաչիկը: Անվտանգության աշխատողների կողմից թեղուտցիներին ծեծի ենթարկելը դատապարտեց «Թեղուտ» ՓԲԸ-ի «Գազ-66» ավտոմեքենայի վարորդ Անդրանիկ Շախկյանը, ով սակայն չթաքցրեց իր գոհունակությունը գյուղի ապրելակերպի ու հանքի աշխատանքների կապակցությամբ. «Գյուղում շատ լավ վիճակ ա, աշխատում ենք, փողը շատ լավ տալիս են: Մի 130 հազար մանեթ փող եմ ստանում»:
Անդրանիկն իր վարելահողերը վաճառել է «Թեղուտ» ՓԲԸ-ին: Ասաց՝ խոտհարք ունի, եթե դա էլ ուզեին, էլի կտար. «Է՜, զզվել եմ գյուղի կյանքից: Ես վարորդ եմ, գնամ հողի՞ վրա աշխատեմ: Չեմ սիրում հողը: Ավելի լավ ա գնամ մեքենայի տակին մազութոտ ըլիմ, քան գնամ հողումը աշխատեմ: Հողումն էլ աշխատում ես կարկուտը գալիս ա, սրբում ա, ու էդ տարին սոված ես մնում»:
Բաց հանքի վտանգների մասին էլ Անդրանիկն ասաց. «Ասենք թե վտանգավոր ա, հմի ծուռը նստենք, դուզը զրից անենք, ասենք թե հանքը չի աշխատում, թեղուտեցին ինչո՞վ ապրի»:
Անդրանիկ Շախկյանը հանքի վտանգների մասին մտահոգվելն իր խնդիրը չի համարում. «Էդ մասին թող հաջորդ սերունդը մտածի»:
«Անվտանգության աշխատողների գործը դատաքննչական օրգաններում ա, ում է պետք՝ մենք համաձա՞յն ենք, թե՞ չէ: Ժողովրդի բարոյական վնասը պետք է վերականգնեն: Բարոյականն այն է, որ անվտանգության աշխատողը գեղամիջումը կանգնում ա ու սաղ գյուղին հայհոյում ա: Այ, բարոյականն այդ է»,- նեղսրտած ասաց Գագիկ Մելքոնյանը, ում թեղուտցիները Գինու Գագո են ասում: Թե ինչպես է տեսնում խնդրի լուծումը, Գագիկն ասաց, որ դա իր «ներքին գաղտնիքն է»: Գագիկ Մելքոնյանը դեմ է Թեղուտի հանքի բացմանը. «Գյուղացուն հմի նաղդի դա ձեռք է տալիս, որովհետև սոված ա: Հմի կարողանում ա ապրի»:
Միջադեպի մասին Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն էլ «Հետքին» ասաց, որ «հակասությունը դեռ չի վերջացել»:
«Ճիշտ է՝ ծեծողները Թեղոտ չեն գալիս, բայց չգիտեմ՝ նրանք ազատվե՞լ են, թե՞ չեն ազատվել աշխատանքից»,- ասաց գյուղապետը: Նա ասաց նաև, որ դեռևս քիչ թեղուտցիներ են ընկերությունում ընդունվում աշխատանքի. «Միջադեպից հետո հազիվ 8 մարդ են ընդունել աշխատանքի»:
«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը, ով վերահսկում է Թեղուտի հանքավայրի աշխատանքները, այս տարվա ապրիլի 16-ի միջադեպի հետ կապված «Հետքին» հայտնեց, որ ընկերության անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանը և անվտանգության ծառայության աշխատակից Արթուր Գիգոլյանն առայժմ աշխատանքից հեռացված են: «Դեպքի առթիվ ոստիկանության Ալավերդու քննչական բաժանմունքի կողմից քրեական գործ է հարուցված: Նախաքննության ավարտից հետո մենք կձեռնարկենք մեր հետագա քայլերը»,- ասաց Ռ. Պապոյանը:
«Հետքը» հետևել է նաեւ Թեղուտի հանքավայրի մակաբացման, ֆաբրիկայի տեղամասերի շինարական աշխատանքներին և դրանց մասին հարցեր ուղղել «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանին: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել