
Սերժ Սարգսյանը նահանջի տեղ չունի. նա պետք է հրաժարվի Նեմեցի ծառայություններից
Եթե Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին չհանձնի իրավապահներին, անկանխատեսելի զարգացումներ են սպասվում Հայաստանում:
Ոչ ոք Նեմեց Ռուբոյին, Լֆիկ Սամոյին, Թոխմախի Մհերին, Հերմինեին… ձայն չի տվել այս ընտրություններում. նրանց Սերժ Սարգսյանն է փաթաթել հասարակության վզին:
Փաթաթել է ու ասում է՝ հավատացեք ու կփոխենք: Իսկ հիմա այս խմբի կարկառուն դեմքերից մեկից ազատվելու շանս ունի Սերժ Սարգսյանը: Բայց նախագահը չտեսնելու է տալիս իր այդ շանսը: Ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը՝ դժվար է կռահել:
Ինչու՞ չի հանձնում Նեմեցին, ի՞նչն է միավորում Ռուբեն Հայրապետյանին եւ Սերժ Սարգսյանին, ի՞նչն է կապում Սերժ Սարգսյանի ձեռքերը: Եթե Հայոց բանակի փոխգնդապետ Վարդան Սամվելյանը պայթեցներ «Հարսնաքարը», որեւէ մեկը կարո՞ղ էր նրան մեղադրել, թե ինչու սպան գնաց այդ քայլին: Վարդան Սամվելյանի նման հարյուրավոր սպաներ նույն բանն են մտածում, իսկ եթե վաղը այդ բանակի տարբեր խմբեր որոշեն արդարադատություն իրականացնել զենքով, որպեսզի իրենց, իրենց հարազատների հետ էլ նույն կերպ չվարվի Նեմեց Ռուբոյի պատժիչ խմբավորումը…
Սերժ Սարգսյանը կարծում եմ՝ սկսել է մտածել այդ մասին: «Հարսնաքարի» մոտ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ շատ էին մարդիկ, ովքեր խոսում էին կտրուկ քայլերի մասին: Կտրուկ քայլեր ասելով՝ նրանք նկատի ունեին հաշվեհարդար տեսնելը: Իշխանությունը գուցե լուրջ չի ընդունում նման խոսակցությունները, բայց քայլն արդեն արված է. առաջին զինվորականն արդեն «հայտ» է ներկայացրել, իսկ երկրորդը պարզապես բանակցությունների չի գնա եւ միանգամից կպայթեցնի: Ու հետեւանքները դժվար է պատկերացնել:
Պատժիչ խումբ պահելու մեջ պետք է մեղադրվի ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Իսկ իրավապահ մարմինները գիտեն, թե անցած տարիներին ինչ է արել այդ խմբի մեջ ներգրավված յուրաքանչյուր անդամ: Թող հանեն իրենց պահոցներից այդ գործերը, որոնք ստիպված են եղել փակել վերեւների հրահանգով:
Սերժ Սարգսյանը կարծես թե այլընտրանք չունի, նա ուզում է նախագահ դառնալ: Բայց նրան բոլոր կողմերից հիշեցնելու են, որ Նեմեցին հովանավորող նախագահ չեն ուզում: Հանրապետականները հիմա չեն խոսում. միայն Շարմազանովն է ասել, որ Ռուբեն Հայրապետյանը պարկեշտ ու բարոյական անձնավորություն է: Բայց Շարմազանովը վաղը, եթե պետք լինի, հակառակն էլ կասի: Եւ պետք էլ չէ զարմանալ այս գնահատականի վրա. գուցե իսկապես Շարմազանովի համար Ռուբեն Հայրապետյանը պարկեշտության ու բարոյականության մարմնացում է: Ի՜նչ արած, այդպիսին է նա, նման դեպքերում ասում են՝ Աստված իր հետ:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել