
Մտավորականությունը՝ «Հարսնաքարի» մասին
Ռուբեն Բաբայան՝ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Սպանդանոց ճաշելու գնալ չի կարելի: Պարտադիր չէ մարդ սպանել հանցագործ կոչվելու համար: Հանցագործ է նաև այն մարդը, ով արդարացնում է հանցագործությունը: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, և պատճառն այն է, որ ներկայիս արժեհամակարգում բռնությունը կենտրոնական դիրք է գրավում: Այն կա բոլոր շերտերում, և ամեն կերպ արդարացվում է. դպրոցում ուսուցիչը, իսկ տանը ծնողը երեխային ծեծում է` ասելով, իմ երեխան է, մայրական ապտակ եմ տալիս:
Բանակում բռնությունն արդեն սովորական է: «Հարսնաքարում» բռնություն գործադրած անձինք եղել են թիկնապահներ, մատուցողներ, որոնց համար նույնպես բռնությունը հարցեր լուծելու միակ տարբերակն է, փաստորեն: Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությանը ես տեսա դեմքեր, որոնք ուղղակի հիացնում էին. դրանք ասես ընտրված մարդիկ լինեին, ովքեր չեն ուզում ապրել այդպիսի արժեհամակարգում:
Լիլիթ Պիպոյան՝ երգահան, երգչուհի
«Հարսնաքարը» և դրա նման վայրերը ֆեոդալական կալվածք են հիշեցնում, որտեղ գործում են սեփական կանոնները: «Սամասուդը» հարցեր լուծելու ձև է այնտեղ. օրենքի հանդեպ հարգանք չկա ընդհանրապես:
Այս պարագայում իշխանության պարտքն է արագ պատժել մեղավորներին: Մտավորականները պետք է մտածեն կատարվածի պատճառների մասին, իսկ հասարակ քաղաքացիներն ուղղակի պարտավոր են վերաբերմունք ցույց տալ` բոյկոտել ռեստորանի տիրոջը պատկանող ապրանքատեսակները, չգնալ այդ ռեստորան, գոնե ինչ-որ ժամանակ:
Սամվել Կարապետյան՝ հուշարձանագետ
Եթե հետաքրքրվենք մեր մոտակա ծագմամբ, կբացահայտենք, որ գրեթե յուրաքանչյուրիս պապը կամ նրա հայրն իրենց գյուղից միակ կենդանի մնացածն է եղել պատերազմների կամ եղեռնի արդյունքում: Մենք մազապուրծ եղած ազգ ենք և ուղղակի իրավունք չունենք մեր իսկ ձեռքերով սպանել այսօրվա սերունդը: Նման տեմպերով մենք երկար չենք կարող գոյատևել, առավելագույնը հարյուր տարի:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել