
Լևոն Քոչարյանը վաղը պատգամավորի կարգավիճակ կստանա և կլինի ազատության մեջ․ փաստաբաններ
Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը կստանա պատգամավորի կարգավիճակ, ինչի արդյունքում կալանքը ենթակա է վերացման։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի որդու փաստաբանական խումբը։
Նոյեմբերի 3-ին «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի երեք թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:
Ընտրական ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է, որը սեպտեմբերի 25-ից կալանավորված է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու վաղը՝ նոյեմբերի 6-ին:
«Ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,- ասված է փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ:
Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին:
Մեկնաբանել