
Կաշենի հանքավայրում անտառածածկ տարածք չկա. հավաստիացնում է Ղարաբաղի պաշտոնյան
Լեռնային Ղարաբաղի կառավարությունն անցած շաբաթ հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը: Մինչ այդ ստեղծվել էր միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված էին մասնագետներ տարբեր ոլորտներից՝ ԼՂ Ազգային ժողովից, կառավարությունից, որոնք էլ «Վալլեքս» խմբի ընկերությունների հետ նախապատրաստել են համապատասխան ծրագիրը։
Տարածքը, որտեղ պետք է իրականացվի արդյունահանումը, ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր (Գյուլաթաղ), Ճանկաթաղ (Չինգյաթաղ) և Ծաղկաշեն գյուղերը: Հանքավայրը շահագործելու է «Բեյզ Մեթալս» ընկերությունը:
ԼՂՀ տնտեսկան զարգացման նախարար Կարեն Եսայանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Մենք այս փուլում ունեցած ինֆորմացիայի և եզրակացությունների հիման վրա ընդունեցինք բնապահպանների առաջարկությունը՝ ընտրել այս ճանապարհը։ Եվ դա է պատճառը, որ հնարավոր դարձավ այս հանքավայրում ունենալ առաջին հայացքից բավական փոքր՝ 500 մետրանոց սանիտարական պաշտպանական գոտի և համատեղել այդ աշխատանքը»: Ավելի ուշ Կարեն Եսայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նշված բնապահպանները Հայաստանից են, և իրենք դրա մասին մինչ հուլիսի 25-ը տեղեկություն կտեղադրեն տնտեսական զարգացման նախարարության կայքում:
ԼՂՀ Շրջակա միջավայրի բնական ռեսուրսների վարչության բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետ, ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Դալաքյանը պատասխանել է «Հետքի» հարցերին:
Պարոն Դալաքյան, ի՞նչ է իրենից ներակայացնում Կաշենի հանքավայրը:
Կաշենի հանքավայրը պղինձ-պորֆիրային հանքավայր է: Այն, Ընդերքի մասին օրենսգրքի ու «Կոնցեսիայի մասին» օրենքի համաձայն, պիտի շահագործվի: «Բեյզ Մեթալս»` այն ժամանական դեռ փակ բաժնետիրական ընկերության դիմումի համաձայն` 2004 թ.-ին պետական լիազոր մարմնի կողմից տրամադրվել է երկրաբանության ուսումնասիրության լիցենզիա: Ի տարբերություն նախկին տարիների, այդ ուսումնասիրության աշխատանքներն իրագործվում են ներդնողների հաշվին: Կաշենում ոսկին քիչ է, ավելի նպատակահարմար է պղինձ արտահանել:
Փաստորեն այժմ Կաշենի հանքավայրը նախագծման փուլում է:
Այո, Կաշենի հանքավայրի նախագիծը ավարտական փուլում է գտնվում և դեռ ավարտված չէ: Նախագիծն ունի բնապահպանական մաս, այնտեղ նշում են, թե ինչպիսի վնաս կա մարդու առողջության և շրջական միջավայրի համար: Եվ նախատեսվում են միջոցառումներ` բնապահպանական սպառնալիքները նվազեցնելու կամ բացառելու համար:
Իսկ Կաշենի հանքավայրի դեպքում բնապահպանական ռիսկերը մե՞ծ են:
Ուսումնասիրության ժամանակ բնապահպանական վնասներ կամ ի հայտ չեն գալիս, կամ ի հայտ գալու ժամանակ դրանք չնչին են լինում: Իսկ ըհդհանրապես, յուրաքանչյուր վնասակար ազդեցություն թողնող օբյեկտի համար միջազգային չափանիշներով սահմանված են ազդեցության գոտու չափերը, որոնք կոչվում են սանիտարապաշտպանական գոտիներ: Սահմանված են կողմնորոշիչ չափեր, որոնք նախագծման ժամանակ հաշվի են առնում:
Կոնկրետ Կաշենի հանքավայրի ազդեցության գոտին կկազմի մոտ 300 մետր: Հնարավոր է ուսումնասիրությունը ցույց տա, որ ազդեցության գոտին պետք է ավելացնել ու դարձնել, ասենք, 500 մետր: Դրանք միջազգային չափանիշներ են, որոնք արդյունաբերության տարբեր ոլորտներում տարբեր են, օրինակ` նավթաարդյունաբերության դեպքում 8 կմ է, ցեմենտի արտադրության դեպքում` 3:
Ավելացնեմ, որ հանքավայրի տարածքը անտառածածկ չէ, և անտառահատման կարիք չի լինելու: «Մեյզ Բեթալս»-ը կօգտագործի լավագույն տեխնոլոգիաները, որպեսզի պոչամբարները չվնասեն շրջակա միջավայրը. հետադարձ ցիրկուլյացիա կատարելով` արտանետվող ջրերը կմտնեն ու կօգտագործվեն հանքավայրում:
Որքա՞ն ժամանակ կգործի Կաշենի հանքավայրը:
Արդեն «Մեյզ Բեթալս»-ին ուսումնասիրության լիցենզիա տրամադրվել է, բայց դրանից բացի, կա սովորական լիցենզիա և կա հատուկ լիցենզիա. առաջինը թույլ է տալիս հանքավայրը շահագործել 12 տարով, երկրորդը` 25: Այդ ամենը, իհարկե, հանձնաժողվի դրական եզրակացություն տալուց հետո: Սակայն չեմ կարծում, որ հանքավայրը 25 տարուց կվերջանա:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել