
Կովկասի բանալիները Ռուսաստանի ձեռքում էին
Երբ 2001 թ. ԱՊՀ հունիսյան գագաթաժողովը քննարկում էր «հակաահաբեկչական գործողությունները համակարգելու խնդիրները», ոչ ոք չգիտեր, որ հաջորդ հավաքում (նոյեմբերի 30-ի Մոսկովյան գագաթաժողովում) նույն արտահայտությունն էապես այլ նշանակություն եւ ընկալում է ստանալու:
Լավ կլիներ Շեւարդնաձեն չասեր այդ բանը
Եւ իրոք, Ռուսաստանի առաջ քաշած հակաահաբեկչական բոլոր նախորդ քննարկումներն ու փաստաթղթերն ունեին հիմնականում պրակտիկ նշանակություն: Բխում էին չեչենական զինված ուժերին արտաքին բազմապիսի ներարկում-օգնություններից զրկելու պահանջից: Կոչված էին հակաահաբեկչական գործողություններին կցելու հատկապես այն երկրներին (մեր տարածաշրջանում` Վրաստանին, Ադրբեջանին), որոնք դարձել էին Չեչնիան աշխարհագրորեն արտաքին աշխարհի հետ կապող ամենամատչելի օղակները: Եվ ոչ միայն աշխարհագրորեն:
Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մինչեւ վերջերս դիտարկվող վայրիվերումները հիմնականում պատճառաբանվում էին չեչենական գործոնով: Այն, որ Ռուսաստանն անցագրային ռեժիմ հաստատեց միայն Վրաստանի հետ, դեռ չի նշանակում, թե Ադրբեջանում այդ ընթացքում արդեն հասցրել էին «փոխել» չեչենների նկատմամբ իրենց դիրքորոշումը: Պարզապես, ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանը Չեչնիայի հետ ընդհանուր սահման չունի: Չեչեններն այստեղ կարող են գալ կամ Վրաստանի, կամ Դաղստանի, այսինքն` Ռուսաստանի, տարածքով: Եւ Ադրբեջանի հետ անցագրային ռեժիմի հաստատումը նշանակելու էր, որ Ռուսաստանն անօգնական է վերահսկել նաեւ Դաղստանին: Թբիլիսիում ու Բաքվում Չեչնիայի ներկայացուցչությունների առկայություն, ժամանակին Ասլան Մասխադովի գրեթե պաշտոնական ընդունելություններ, հետագայում չեչեն գրոհայինների թափանցումներ Վրաստան, չեչենական զորքերում նաեւ ադրբեջանցիների մասնակցություն, այս հոկտեմբերին Վրաստանի Պանկիսի ու Կոդորի կիրճերում վրաց-չեչենական ջոկատների համատեղ գործողություններ: Վրաստանի ու Ադրբեջանի կողմից չեչենական գործոնը Ռուսաստանի դեմ կիրառելու այս դրսեւորումները կարելի է թվարկել ավելի երկար: Քայլեր, որ ցույց են տալիս`
1. Վրաստանում ու Ադրբեջանում չեն ընդունում Ռուսաստանի թեզը (Չեչնիայում ընթանում է ահաբեկչական պայքար),
2. Վրաստանն ու Ադրբեջանը կիսում են Արեւմուտքի գնահատականները (Չեչնիայում ընթանում է մեծ տերության պատերազմ փոքր ազգի դեմ):
«...Այնտեղ (Չեչնիայում-Լ.Բ.) եւս պետք է կարգուկանոն հաստատվի, սակայն ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա, ժողովուրդ, որը 300 տարի մարտնչել է իր անկախության համար: Մի շփոթեք չեչենական խնդիրը ղարաբաղյան խնդրի հետ: Հայերն ունեն իրենց հայրենիք-հանրապետությունը»,- վերջերս հայտարարեց Ադրբեջանի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
«Թեեւ Ռուսլան Գելաեւին անձամբ չեմ ճանաչում, բայց նա ամենեւին էլ վայրենու տպավորություն չի թողնում, կիրթ մարդ է», -հոկտեմբերյան իրադարձությունների օրերին ասաց Շեւարդնաձեն: Անշուշտ Գուլուզադեի ու Վրաստանի նախագահի արտահայտությունները միանգամայն տարբեր պաշտոնականություն ունեն, սակայն լավագույնս ցույց են տալիս չեչենական հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումների մինչեւ վերջերս զգացվող տարբերությունը: Տարբերություն, որ իր հերթին, շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ անջրպետում էր նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանից:
Սեպտեմբերի 11-ին հաջորդած քննարկումներից հետո ռուսական դիվանագետները գոհունակությամբ հայտարարեցին, որ այժմ ԱՄՆ-ում չեչենական խնդիրը դիտարկում են միանգամայն այլ կերպ, հասկացել են միջազգային ահաբեկչության դեմ նաեւ Չեչնիայում պայքարելու անհրաժեշտությունը: Դեռ հայտնի չէ, թե իսկապե՞ս դա կարձակի Ռուսաստանի ձեռքերը Չեչնիայում իր ուզածին հասնելու համար: Բայց արդեն այսօր Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ Նինո Բուրջանաձեն «Իզվեստիայի» թղթակցին խոստովանում է` «Լավ կլիներ նա չասեր այդ բանը (Շեւարդնաձեն չասեր Գելաեւի մասին վերը բերված արտահայտությունը-Լ.Բ.)»:
Ով մեզ հետ չէ, նա ահաբեկիչների կողմն է
Նոյեմբերի 30-ին Մոսկվայում անցած ԱՊՀ գագաթաժողովն այս կազմակերպությանը ոչ բնորոշ համերաշխությամբ ընդունեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը, այդ պայքարում իրենց մասնակցությունը բերելու պատրաստակամությունը: Այն թելադրվում էր ոչ միայն ԱՄՆ նախագահի ամիսներ արած հայտարարությամբ. Աֆղանստանում ինքն սկսում է միջազգային կազմակերպված ահաբեկչության դեմ գործողությունները, ունի աշխարհի առաջադեմ ուժերի համախմբման պահանջ եւ, ով ամերիկյան այդ պայքարում իր հետ չէ, ուրեմն սատարում է ահաբեկիչներին: ԱՊՀ շրջանակներում հակաահաբեկչական համընդհանուր պատրաստակամությունը միայն Ռուսաստան -ԱՄՆ, Ռուսաստան-ՆԱՏՕ վերջերս ակնհայտ դարձած մերձեցման հետեւանքը չէր, համախմբված աշխարհում վտարանդի երկիր չդառնալու խնդիրը չէր: Մեծ իրադարձություններին իրենց փոքր մասնակցությունը բերելու փութաջանությունը թելադրված էր նաեւ այն գլխավոր հանգամանքով, որ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրն, ինչպես սովորաբար, փորձում է ստեղծված խառնաշփոթը ծառայեցնել սեփական ռազմավարական խնդիրների լուծմանը: Ասվածը նախեւառաջ վերաբերում է Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին:
Ահաբեկչության դեմ պայքարը գաղափարախոսություն
ԱՄՆ-ն իր հակաահաբեկչական գործողությունները ծավալում է հիմնականում երկու ուղղություններով: Մի կողմից պայքար է կոնկրետ թշնամու` Բեն Լադենի դեմ, մյուս կողմից` «միջազգային կազմակերպված ահաբեկչություն» հավաքական հասկացության (հետեւաբար` աբստրակտ երեւույթի) դեմ: Եվ որովհետեւ աբստրակցիան չի հանդուրժում մտքի ու ընկալումների կոնկրետություն, կարող ենք վստահաբար ասել, որ այսօր կանգնած չենք աշխարհի բացառիկ համախմբման, նախորդ բոլոր հակասությունները մոռանալու փաստի առաջ: Ինչպես շտապեցին հավաստել վերլուծաբաններից ու քաղաքական գործիչներից շատերը (այդ թվում նաեւ հայաստանյան): Ճիշտ հակառակը, վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, հրապարակած հայտարարություններն ու իբր-թե պատահականորեն հրապարակ սպրդած կոմբինացիաները ցույց են տալիս, այսօր գործ ունենք «արա, ինչ ուզում ես» ամենաթողության, ահաբեկիչների դեմ պայքարի հարթություն սեփական խնդիրները քարշ տալու վտանգավոր ձգտման հետ: Ահա ինչու առայժմ ոչ ոքի պետքը չէ, որ «թալիբական Աֆղանստան» արտահայտությունը միայն նշանակում է այս երկրում տիրող ուժ, եւ հետեւաբար` թալիբներին ծնկի բերելու համար չի կարելի հողին հավասարեցնել Աֆղանստանի խոշոր բնակավայրերը, ոչնչացնել այս ամենի հետ կապ չունեցող խաղաղ բնակիչներին: Բոլորին է հարմար մեծաթիվ զոհերին հակաահաբեկչական միջոցին զուգորդող «կողմնակի երեւույթ» համարելը: Ահա նաեւ ինչու է ավելի ու ավելի շոշափելի ուրվագծվում «վհուկների համատարած որսի» վտանգն ինչպես առանձին երկրների ներսում, այնպես էլ մի քանի տարածաշրջաններում:
Կոսովոյի ժամանակ ցեղասպանություն, այժմ` ահաբեկչություն
1999-ին հարավսլավական պատերազմի ընթացքում Վրաստանում ու Ադրբեջանում հնչում էին աբխազների ու ղարաբաղցիների նկատմամբ էլ «խաղաղության պարտադրանքը» կիրառելու պահանջները: Ամենեւին էլ չհասկանալով, որ եթե մեր տարածաշրջանում պատճենվեր ՆԱՏՕ-ի հարավսլավական գործողությունը, այդ դեպքում ռմբահարվելու էին Բաքուն ու Թբիլիսին, ինչպես արեցին Բելգրադի հետ: Այն ժամանակ վրացական ու ադրբեջանական ստորաբաժանումների մասնակցությունը հարավսլավական գործողություններին իսկապես զուտ քաղաքական ժեստ էր, ՆԱՏՕ-ին անվերապահորեն ընդունելու ցուցադրում: Այսօր ադրբեջանական գործիչները գոհունակությամբ արձանագրում են, որ իրենց երկնքում սավառնում են ՆԱՏՕ- ական ինքնաթիռները, իսկ իրենց հողում հնարավոր է հետագայում ամրագրվեն ՆԱՏՕ-ի ռազմակայանները, որ լրջորեն մտածում են Աֆղանստան ադրբեջանական ջոկատներ ուղարկելու մասին: Այս երանելի սցենարը կարող է իրականություն դառնալ, եթե, իհարկե, մինչ այդ կարողանան ապացուցել հակաահաբեկչական պայքարում Ադրբեջանի արդյունավետ մասնակցությունը: Ցանկացած ճանապարհներով, նույնիսկ ամենաանհեթեթ («Բին Լադենի շրջակայքում բազմաթիվ հայեր կան» պնդումները ոչինչ են այն բանի համեմատ, եթե օրինակ, Ադրբեջանում ուսումնասիրեին նրա նախնինների ազգային պատկանելիությունն ու նրանց մեջ հայ «հայտնաբերեին»): Կամ` եթե 907 բանաձեւի մասնակի վերացումը արվել է Ադրբեջանում բացառապես հակաահաբեկչական միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ուրեմն ո՞վ ասաց, որ հայկական համայնքներն էլ ահաբեկչական օջախներ չեն կարող համարվել:
Գրեթե նույն տրամաբանությամբ խոսեց Շեւարդնաձեն ԱՊՀ այս գագաթաժողովի նախօրեին: Վերջին ռադիոհարցազրույցում նա հայտարարեց իր մի մտադրության մասին: Այն, որ հակաահաբեկչական գործողությունների արդյունավետության համար անհրաժեշտ է ստեղծել գլոբալ Խարտիա, որտեղ առաջին հերթին պետք է քննարկել «անջատողականությունն ահաբեկչության օրգանական բաղադրիչն է» թեզը: «Անջատողականությունն այն վտանգավոր երեւույթն է, որի մետաստազները կարող են տարածվել ամենուրեք, նաեւ ահաբեկչության տեսքով»,- ասաց նա: Ամերիկյան քաղաքականության դեմ սեպտեմբերի 11-ին աննախադեպ քայլեր ձեռնարկած Բին Լադենը, պարզվում է, իր կամքից անկախ կարող է օգնել նաեւ այն երկրներին, որոնք ակնհայտորեն ձգտում են դեպի նույն այդ ԱՄՆ-ն ու նույն այդ ՆԱՏՕ-ն: Վրաստանում ու Ադրբեջանում այժմ լրջորեն մտածում են Բին Լադենից առավելագույնս շահ ունենալու տարբերակների մասին:
«Հավատո՞ւմ եք արդյոք «Ռուսաստան-ԱՄՆ ալյանսի» երկարատեւվությանը» հարցով դեռ շարունակում է դիմել իր ընթերցողներին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Թեեւ արդեն մեկ շաբաթ առաջ կարող էր հարցին հավելել` «Եվ իզուր» արտահայտությունը:
Պինդ գրկախառնումները` վաղաժամկետ
Սեպտեմբերի 11-ը կարող էր դառնալ աշխարհաքաղաքական կառուցվածքներում արմատական փոփոխությունների մեկնարկ, եթե դրանից հետո եւ դրա հետ առնչվող զարգացումները ցույց չտային` սեփական եւ կոլեկտիվ անվտանգության միջեւ ընտրություն կատարելիս նախապատվությունը դեռեւս տրվում է առաջինին: Այսպես, ԱՄՆ-ում հակաահաբեկչական պայքարի ալիքն արդեն մասնակի կուլ է տվել մարդու իրավունքների գերակայության թեզը: Իրավունքների այն մասով, որոնցից մինչեւ սեպտեմբերի 11-ը օգտվում էին նաեւ արաբական ու մերձավորարեւելյան ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիները: Վերջերս ընդունված որոշումների համաձայն, ամերիկյան ոստիկանության ու անվտանգության աշխատակիցներին իրավունք է տրվում «աշխատելու» այն անձանց հետ, ովքեր կարող են կասկածվել միջազգային ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ: Մի խոսքով, նրանք ովքեր ունեն արաբական ու արեւելյան վառ արտահայտված արտաքին, կարող են այլեւս չմտածել ԱՄՆ-ում հաստատվելու, կամ նույնիսկ ԱՄՆ ուղեւորվելու մասին: Այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել միջազգային ահաբեկչության դեմ պատերազմը:
«Ռուսաստանն իր մարդկային ու բնական ռեսուրսներով, անվտանգության ներկայիս համակարգով ինքնաբավարար պետություն է եւ ՆԱՏՕ- ին անդամագրվելու համար հերթագրվելու ծրագրեր չունի»,-Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին հումանիտար մասնակցություն սկսելուց առաջ հայտարարեց Վ. Պուտինը: «Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ մինչեւ այն աստիճան, որքանին պատրաստ է ինքը ՆԱՏՕ-ն»: Ռուսաստան-ԱՄՆ մերձեցման թույլատրելի այս սահմանագծումն արվում է անընդհատ, որովհետեւ չեն փոխվել գլոբալ անվտանգության հիմնադրույթների տարընթերցումները: Հակահռթիռային անվտանգության համակարգերի վերանայման շուրջ այս երկու տերությունների միջեւ ծագած սուր բանավեճը դեռեւս չի դադարել: Ասել է, թե Ռուսաստանի համար ԱՄՆ-ի հետ հակաահաբեկչական ընդհանուր ճակատ կազմելը շատ չնչին բան է նույն այդ ԱՄՆ-ի հետ հավասար հիմունքներով խոսելու միակ հնարավորությունը` ռազմական հավասարակշռությունը պահպանելու համեմատ:
ՆԱՏՕ-ի դեպի Կովկաս ընդլայնում առայժմ չի լինի
Զարմանալի չէ, որ անցած մոտ չորս ամիսների ընթացքում Ռուսաստանում ու ԱՄՆ-ում ավելի զգուշավոր էին արտահայտվում իրենց փոփոխհարաբերությունների ջերմացման մասին, քան ԱՊՀ երկրներում ու հատկապեսմեր տարածաշրջանում: Վրաստանի ու Ադրբեջանի պարագայում դա արվում էր ցանկալին իրականություն համարելու անզուսպ գայթակղությունից, Հայաստանում` այդ ջերմացման արդյունքում հանկարծ այլեւս ոչ մեկին պետք չգալու վտանգից: «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների որակական փոփոխությունների արդյունքում կսկսվի նաեւ Կովկասյան քաղաքականության ճշգրտման գործընթացը, որտեղ Հայաստանը կարող է այլեւս տեղ չունենալ»: Մոտավորապես այսպիսի մտքերով հեղեղվեցին հայաստանյան մամուլը, մասնավոր խոսակցություններն ու քաղաքական տարբեր քննարկումները, երբ ի հայտ եկավ սպասվելիք գլոբալ փոփոխությունների առաջին եւ մեր տարածաշրջանում միակ կոնկրետ արդյունքը` մասնակիորեն վերացվեց Ադրբեջանի նկատմանբ տարիներ շարունակ կիրառվող 907 բանաձեւը: Խանդավառվեցին Ադրբեջանում, թե` ահա, շուտով իրականություն կդառնա ՆԱՏՕ-ական ռազմակայանների ներկայությունը Ադրբեջանական հողում եւ վերջապես կզսպաշապկվի Հայաստանի ինքնավստահ կեցվածքը: ՆԱՏՕ-ի դեպի Կովկաս նդլայնվելու հեռանկարը ստիպեց ամեն դեպքում ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանին հայտարարելու, թե «Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը բոլորովին այլ որակի եւ աստիճանի է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հետ այս ոլորտում համագործակցությունը կարող է նոր որակ հաղորդել մեր վարած փոխլրացման քաղաքականությանը»: Վրաստանի նախագահ Շեւարդնաձեն նոյեմբերի 30-ին ԱՊՀ գագաթաժողով մեկնեց ռուսական բազաները Վրաստանից դուրս բերելն էականորեն արագացնելու, աբխազական գոտում տեղակայված ռուս խաղաղարարներին այլ ուժերով փոխարինելու հաստատակամ մտադրությամբ: Ռուսաստան-ԱՄՆ ջերմացումը Վրաստանում էլ էր գնահատվում որպես ՆԱՏՕ- ական ուժերի տեղակայման բացառիկ հնարավորություն: Չստացվեց:
Ահաբեկչության դեմ` բայց ԱՊՀ կազմով
Իր վերջին հարցազրույցներից մեկում Պուտինը հայտարարեց, թե ՆԱՏՕ- ի ընդլայնում հասկացությունն ավելի քիչ է ապահովության զգացողություն առաջացնում, քան ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցություն արտահայտությունը: Հոկտեմբեր-նոյեմբերի իրադարձությունների համատեքստում Վրաստանն ավելի մեծ հիմքեր էր ձեռք բերել ՆԱՏՕ-ական ռազմակայաններ իր տարածքում արագորեն տեղակայելու համար, քան Ադրբեջանը: Մի կողմից ռուսական ռազմակայանների դուրս բերման Ստամբուլյան որոշումը (1999 թ.), մյուսից` Չեչնիայի հետ ընդհանուր սահման ունենալու հանգամանքը, մի կողմից` վրացական շրջաններն անհայտ ուղղաթիռներից պարբերաբար ռմբահարվելու փաստերը, մյուսից` աբխազական ուժերին պոտենցիալ ահաբեկիչներ համարելու փորձերը: Դա էր պատճառը, որ Անդրկովկասում ռազմական status quo-ի փոփոխության նկատմամբ իր վերաբերմունքը Ռուսաստանն արտահայտեց հենց այս կտրվածքով` «Նախքան աբխազական բախման գոտուց ռուս խաղաղարարներին դուրս բերելը, պեըք է պարզ լինի` ո՞վ, ինչպե՞ս եւ ի՞նչ կարգավիճակով կփոխարինի նրանց» (Վ. Պուտին): ԱՊՀ այլ երկրները չեն կարող փոխարինել ՄԱԿ-ի մանդատով Աբխազիայում գտնվող ռուս զինվորներին. չունեն դրա համար պահանջվող ֆինանսական միջոցները, չեն ուզում հանուն Վրաստանի փչացնել Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները: Նրանք Ռուսաստանի հետ դեռ իրենց չլուծված խնդիրներն ունեն: ՆԱՏՕ-ի երկրները առայժմ չեն կարող հանուն Վրաստանի գնալ Ռուսաստանի հետ ակնհայտ առճակատման, չեն կարող վատնել Ռուսաստանի հետ հակաահաբեկչական թեմայի շուրջ ընդհանուր լեզվով խոսելու հնարավորությունը: Բին Լադենի հետ չեչենների կապվածության հանգամանքը ԱՄՆ-ն առայժմ թողնում է Ռուսաստանի հայեցողությանը:
Նույնիսկ եթե Ադրբեջանի համար անվավեր համարենք ՆԱՏՕ-ական երկիր դառնալու երկարատեւ փորձաշրջան անցնելու անհրաժեշտությունը, նույնիսկ եթե այսօր եւեթ Ադրբեջանն ընդունենք ՆԱՏՕ-ական ռազմակայաններով գերհագեցած պետություն, միեւնույն է, դա ոչ թե կնպաստի ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված փոխզիջումային տարբերակին (երբ փոխադարձաբար մեկի ձեռքբերումը մյուսի կորուստն է), այլ ավելի կխորացնի հակասությունները: Հակասություններ, որ բխելու են Հայաստանում` ռուսական, Ադրբեջանում` ՆԱՏՕ-ական ուժերի անմիջական հարեւանությունից (Ադրբեջանում ՆԱՏՕ-ի առկայությունը չի ենթադրում Հայաստանից ռուսական զորքերի հեռացում, ճիշտ հակառակը): Հակասություններ, որ կախված չեն միայն բախման կողմերի կամակորության աստիճանից, երկրների առաջնորդների «զիջումներ անելու քաղաքական խիզախությունից», հասարակությունների` այդ զիջումներն ընկալելու պատրաստակամությունից ու բազմաթիվ այլ գործոններից: Դրանք ուղիղ համեմատական են լինելու Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների որակին, որն, ըստ էության, արմատապես չի փոխվում:
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն
«Ռեգիոն» կենտրոն
Թբիլիսի-Երեւան
Մեկնաբանել