
Արայիկ Հարությունյանը Բաքվում հարցաքննվել է
Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ (2020-2023թթ․) Արայիկ Հարությունյանը ադրբեջանցի ուժայինների կողմից հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է և տեղափոխվել Բաքու, որտեղ նրան արդեն իսկ հարցաքննել են։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հարությունյանի փաստաբան նշանակված Ալով Սաֆարալիևը։
«Հարությունյանն արդեն իսկ հարցաքննվել է։ Միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքները կօգնեն գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- նշել է փաստաբանը։ Ալով Սաֆարալիևի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը ֆիզիկապես և հոգեպես նորմալ վիճակում է։
«Ես կիրականացնեմ Հարությունյանի պաշտպանությունը Ադրբեջանական Հանրապետության օրենքներին, միջազգային կոնվենցիաների պահանջներին և փաստաբանական էթիկային համապատասխան։ Մի խոսքով, խղճով կկատարեմ իմ մասնագիտական պարտքը»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ բացի Արայիկ Հարությունյանից, հոկտեմբերի 3-ին ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են նաև Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, երրորդ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ավելի վաղ էլ ադրբեջանական կողմը կալանավորել էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Լուսանկարը՝ արխիվային, 2020թ․ / © Հետք
Մեկնաբանել