
Կոտայք, Արարատ և Արմավիր. տեղահանված արցախցիները ձգտում են այս մարզեր (թարմացվող)
Թեև երեկ գիշեր Արցախից դուրս են եկել վերջին տեղահանվածները, այնուամենայնիվ դեպի մարզեր հոսքը չի դադարում: Սյունիքի մարզից նրանք ընտանիքներով տեղափոխվում են այլ մարզեր:
Ամենաշատը տեղահանվածները բնակություն են հաստատել Կոտայքի մարզում: Այստեղ ժամը 10:00-ի դրությամբ հաշվառվել է արդեն 8289 արցախցի: Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 28-ի ժամը 18-ի դրությամբ Կոտայքի մարզում հաշվառվել էր 4156 քաղաքացի: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Արարատի մարզը երկրորդ տեղում է: Մարզում արդեն հաշվառվել է 7640 արցախցի:
Երրորդ տեղում Արմավիրի մարզն է՝ 3009 տեղահանված: Արմավիրի մարզում ամենաշատը հաշվառվել են Էջմիածնում:
Տեղավորման վիճակը վատ է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում: Այստեղ չկան հյուրանոցներ, հյուրատներ: Տեղահանվածներին ընդունում են արդեն մշակույթի տներում կամ համայնքապատկան այլ շենք-շինություններում:
Արարատի մարզում նույնիսկ մարզադպրոցներն են հարմարեցնում բնակության համար:
Նշենք, որ ժամը 10-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազ. 417 անձ է ժամանել Հայաստան: Նրանցից 32 հազ. 200-ը տեղավորվել են մարզերում:
Մեկնաբանել